ՀՀ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը։
Օգոստոսի 24-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել պարոն Մելքոնյանին նախորդ ավելի քան 6 տարիների ընթացքում դատախազության համակարգում ներդրած մեծ ավանդի, կատարած բարեխիղճ, նվիրված, ծավալուն, արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել նրան պետության համար ոչ պակաս կարևոր գիտակրթական ոլորտում իր հետագա աշխատանքի ընթացքում:
Հրավիրված կոլեգիայի նիստին, առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել կոլեգիայի անդամների կողմից:
ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 24-ի հրամանով Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը