17 08 2020

Վահրամ Ավետիսյանը հետ է կանչում ՍԴ դատավորի թեկնածու լինելու համաձայնությունը

Վահրամ Ավետիսյանը հետ է կանչում ՍԴ դատավորի թեկնածու լինելու համաձայնությունը

Նա, մասնավորապես, գրել է.

«Մեկ անգամ եւս ցանկանում եմ նշել, որ մեր պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող եւ պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը:

Խնդիր, առանց որի լուծման պետությունը եւ հասարակությունը զարգացման որեւէ հեռանկար չունեն: Այդ խնդիրների լուծման գործում ներդրում ունենալու ցանկությամբ է պայմանավորված եղել իմ կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելը։

Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից եւ հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության եւ անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին եւ պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաեւ ինձ համար անընդունելի։

Հետեւաբար, նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։

Ուստի այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում։

Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Կառավարությանը իմ թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին մաղթում բարեհաջող ընթացք՝ ի շահ ՀՀ քաղաքացու եւ մեր Հայրենիքի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ