12 08 2020

Դատավարության ընթացքում արձանագրվել են խախտումներ. Արամ Վարդևանյան

Դատավարության ընթացքում արձանագրվել են խախտումներ. Արամ Վարդևանյան

Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի դատավարության ձգձգման հանգամանքներին և դատավարության ընթացքում տեղ գտած խախտումներին։

Արամ Վարդևանյանի դիտարկմամբ` դատավարության կողմերից մեկն իրականում առանց որևէ փաստարկի, պարզապես իրավական գործընթացին անհարիր ու մերկապարանոց հայտարարություններով է հանդես գալիս, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած ցանկացած դիրքորոշում և հայտարարություն փաստարկված է։

«Երբ հակառակ կողմը մշտապես փորձում է որոշ պիտակավորումներ գտնել ու գնահատականներ տալ դատական նիստերի ձգձգումների վերաբերյալ, այդ գնահատականները որևէ աղերս չունեն իրականության հետ, որովհետև բոլոր դատական նիստերին մենք մշտապես մասնակցում ենք, նույնիսկ կորոնավիրուսային համավարակի պայմաններում: Մի քանի դատական նիստեր չկայացան պարզապես դատավարության մասնակիցների չներկայանալու պատճառով»,– նշում է փաստաբանը։

Արամ Վարդևանյանի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մասին բացասական լույսի ներքո խոսելն անհմին է ու անտեղի, որովհետև ոչ իրավաբանները չեն պատկերացնում քրեական դատավարության փուլային գործընթացը,  մինչդեռ մասնագետները քաջատեղյակ են, որ առավել ևս 80 հատորից ավելի մեծ քրեական գործն ունի որոշակի դատավարական փուլեր։

«Մենք այժմ գտնվում ենք միջնորդությունների ներկայացման փուլում, որը դատաքննության բաղադրիչներից մեկն է։ Երբ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի պաշտպանական կողմին զրկեն միջնորդություններով հանդես գալու իրավունքից, նույն դատավոր Դանիբեկյանի նախագահությամբ կայացվեց արձանագրային որոշում, որ նշված միջնորդությունն ակնհայտ անհիմն է, չունի քրեադատավարական որևէ հիմք, հետևաբար մեր միջնորդությունները չեն գնահատվում որպես իրավունքի չարաշահում»,– նշում է փաստաբանը։

Այդուհանդերձ Արամ Վարդևանյանը շեշտում է այն հանգամանքը, որ դատավարության ընթացքում իրենք արձանագրել են էական խախտումներ, որոնք սկսվել են սույն դատավարության հենց առաջին օրից, երբ քրեական գործի հարուցումը տեղի էր ունեցել և Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել առանց նրա` որպես պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելիությունը հաղթահարելու։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:



 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ