04 08 2020

Դատարանը հետաձգեց Քոչարյանի և Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը



Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը և լուծումը մինչև դատարանի կողմից կալանադրված գույքի արժեքը որոշելը։
 
Պաշտպանական կողմն առարկեց որոշման դեմ, նշելով, որ այն որևէ կապ չունի Քրեադատավարական օրենսգրքի պահանջների հետ։ Պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ նման որոշմամբ դատարանը չի բացառում, որ իր իսկ կողմից անօրինական ճանաչված որոշումը, որով խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, այնուամենայնիվ մնա ուժի մեջ։
 
«Դատարանն ինքն իրեն հակասում է և ստեղծում է մի իրավիճակ, երբ ապօրինի որոշումը շարունակում է գործել», - ասաց պաշտպանը։
Նկատենք, որ դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի Արմեն Գևորգյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Պաշտպանները սակայն հրաժարվեցին ներկայացնել տեղեկանքները, պատճառաբանելով, որ այդ պարտականությունը դրված է նախաքննություն իրականացնող մարմնի վրա։
 
Պաշտպան Հայկ Ալումյանն իր խոսքում մեջբերեց Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը, որով դատարանն անդրադարձել է գույքի վրա արգելանք դնելիս կողմերի պարտականություններին և արձանագրել, որ դա վարույթ իրականացնող մարմնի պարտականությունն է։ Նրա կողմից պետք է ներգրավվի ապրանքագետ-փորձագետ կամ նշանակվի փորձաքննություն գույքի արժեքը որոշու համար, եթե առանց դրա հնարավոր չէ որոշել այն։
 
Այդպիսով, քննիչի որոշումը, որով կալանք է դրվել Ռոբերտ Քոչարյանի գույքի և դրամական միջոցների վրա, դատարանների, այդ թվում Աննա Դանիբեկյանի որոշումներով, ճանաչվել է անօրինական, սակայն այդ խախտումը վերացնելու փոխարեն, Դանիբեկյանը լայնածավալ քննարկում է ծավալել։ Ավելին, մեղադրողների կողմից բերված փաստարկներն արդեն իսկ քննարկվել և մերժվել են դատարանի կողմից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ