27 07 2020

Սևանում պատգամավոր Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթիի առնչությամբ ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում

Սևանում պատգամավոր Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթիի առնչությամբ ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում

Սևանի White Shorja լողափում նախօրեին տեղի ունեցած կենդանի երաժշտությամբ համերգ կազմակերպելու առնչությամբ ոստիկանությունն ու տեսչական մարմինը համապատասխան աշխատանքներ են իրականացնում:

Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանության մարզային վարչության ծառայողները տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ այցելել են նշված հաստատություն, ներկայումս համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին hraparak.am-ը հրապարակել է տեղեկություն և տեղանյութ, որ Սևանի White Shorja լողափում պատգամավոր Հայկ Սարգսյանը, անտեսելով պարետի սահմանած արգելքները, փարթի է կազմակերպել։

«Այս պահին Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում մեծ փարթի է կազմակերպված: Մեզ ասացին, որ լողափը կապ ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տարատեսակ փարթիների ու խրախճանքների սիրահար Հայկ Սարգսյանի հետ կամ պատկանում է հենց նրան: Պատգամավորը ևս այնտեղ է, տեսանյութերից մեկում, որտեղ հնչում է հեղափոխականների սիրելի հնդկական «Տունակ-տունակ» տարօրինակ ձայներով երգը, երևում է նաև ինքը` Հայկ Սարգսյանը:

Ուշագրավ է, որ Սևանի տարբեր լողափերում, ինչպես մեզ փոխանցեցին, այսօր ոստիկանությունը դիմակի «ռեյդ» է իրականացրել, մինչդեռ Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթին, փաստորեն, անձեռնմխելի է մնացել ոստիկանության ռեյդից: Ինչպես երևում է տեսանյութում, պատգամավորի կազմակերպած «էլիտար» փարթիի մասնակիցները առանց դիմակի են, այդ թվում` պատգամավոր Հայկ Սարգսյանը, իսկ մյուս լողափերում մարդկանց տուգանում են առանց դիմակի լողափում շրջելու, անգամ առանց դիմակի լողալու կամ խորոված ուտելու համար»,– գրել էր կայքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ