22 07 2020

ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում

ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում

Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։

Փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության համաձայն,  ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։

«64-ամյա Գագիկ Խաչատրյանը, ով ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար: Խաչատրյանի փաստաբանական թիմը բազմիցս բարձրաձայնել է այս հարցը ՀՀ բոլոր ատյաններում ու իրավասու մարմիններում, այդ թվում՝ քննչական մարմնին, դատախազությանը և ՀՀ դատարաններին, սակայն վերջիններս հետևողականորեն անտեսել և անտեսում են այդ նախազգուշացումները՝ զրկելով Գագիկ Խաչատրյանին իր հիմնարար իրավունքներից՝ համարժեք բուժում ստանալու: Փաստաբանական թիմը դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ու իրավապաշտպան կառույցների։

Ընդ որում, տեղեկացնենք, որ ինչպես քննչական մարմնի, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարի պահանջով ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով 3 բժշկական կոնսիլիումներ են իրականացվել ՀՀ առաջատար բժիշկ-մասնագետների մասնակցությամբ՝ սկսած 2019թ. հուլիսի 4-ից, և իրենց իսկ նախաձեռնած կոնսիլիումների կողմից տրված եզրակացությամբ հաստատվել է, որ Գագիկ Խաչատրյանն ունի ողնաշարի ստենոզի վիրահատական շտկման անհրաժեշտություն, որը սակայն ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել, քանի որ առաջնային ինպլանտը դրված է եղել արտերկրում և 2015թ. -ից պարբերաբար բուժում է ստանում։ 

Վերջնականապես համոզվելով, որ իրավասու պետական մարմինները, կաշկանդված լինելով սույն քրեական գործի ոչ իրավական տրամաբանությամբ, ոչ միայն չեն ապահովելու Գագիկ Խաչատրյանի համարժեք բուժման ապահովումը, այլև բոլոր հնարավոր եղանակներով խոչընդոտելու են դրա իրականացմանը և շարունակելու են պահել կալանքի տակ՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը, 2020 թվականի հունիսի 11-ի նրա փաստաբանական թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն նույն դատարան ուղարկած դիմումով խնդրել է Հայաստանի Կառավարությունից պահանջել՝ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և թույլ տալ մասնագիտական բուժում  ստանալ։

Կառավարությունը փորձելով հերքել իր իսկ նախաձեռնությամբ իրականացված բժշկական կոնսիլիումների եզրակացությունները, մեկ օրվա ընթացքում իրականացրել է միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովների փորձաքննության և ուղարկել է ՄԻԵԴ եզրակացություն, որում նշվել է, թե իբրև Գագիկ Խաչատրյանը ոչ միայն վիրահատության, այլև ֆիզոթերապևտիկ և վերականգնողական բուժման կարիք չունի, փոխարենն ընդամենը ցավազրկողներով կարող է բավարարվել։

Չնայած այդ կասկածելի փորձագիտական եզրակացության առկայությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020 թվականի հուլիսի 21-ին որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի դիմումը բավարարելու մասին և ՀՀ կառավարությունից պահանջել է ապահովել, որ Գագիկ Խաչատրյանը ստանա համարժեք բուժօգնություն, որը համապատասխանում է իր առողջական վիճակին՝ իր ընտրած բուժաշխատողների կողմից:

Ցավում ենք, որ նույնիսկ ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար նման ակնհայտ վտանգների առկայության պարագայում ստիպված ենք համարժեք բուժման ապահովման իրավունքի իրականացմանը հասնել միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտության արդյունքում և պահանջով:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանական թիմը 11 ամսվա ընթացքում բարձրաձայնել է տասնյակ իրավախախտումների ու ճնշումների, այդ թվում նաև Խաչատրյանի որդիների նկատմամբ ապօրինի ու իրավական տրամաբանությունից դուրս հետապնդման մասին։ Ճնշումները, ապօրինի խուզարկություններն ու հետապնդումները դրսևորվել է նաև ընտանիքի այլ անդամների ու հարազատների նկատմամբ»,-ասված է փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ