ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նախորդ նիստին պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր սույն քրեական գործով դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում ընդգրկել մի քանի անձ։
Մասնավորապես, պաշտպանը միջնորդել է դատարան հրավիրել 2008 թ․ մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ․ փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։
Այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը հայտարարեց, թե պատճառաբանված չէ միջնորդությունը և ենթակա է մերժման։
Հայկ Ալումյանը նշեց, որ գուցե նախորդ նիստին չմասնակցած դատախազ Պետրոս Պետրոսյանը իրազեկված չէ։
Փաստաբանը նկատեց, որ մեղադրանքում գրված է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճնշում է գործադրել ՍԴ անդամների վրա, սակայն ՍԴ անդամները դատակոչված չեն։
«Էս որակի մեղադրական եզրակացության տակ ստորագրել է պարոն Պետրոսյանը։ Մեղադրանքում ոչ միայն մանրամասնած չէ, թե ում նկատմամբ է ճնշում գործադրվել, այլև դատակոչված չեն ՍԴ անդամները»,-ասաց Ալումյանը՝ չհամաձանելով դատախազի այն առաջարկի հետ, որ պետք է միջնորդությունը պետք է թողել առանց քննության կամ հետաձգել այն։
Ալումյանի խոսքով, մեղադրանքը վերացական է ու անորակ, նման մեղադրանքով դատարանը չպետք է դատական քննություն նշանակեր։
«Մենք ասում ենք, բոլորին բերեք, տեսնենք՝ թե ում նկատմամբ է ճնշում եղել, բերեք, մենք կապացուցենք, որ ոչ մի ճնշում էլ չի եղել։ Հիմա ես սրանից պատճառաբանված միջնորդություն ու նման չպատճառաբանված առարկություն նույնիսկ տեսականորեն դժվար է հորինել»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը