17 07 2020

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ԶՈւ հանցագործությունների առթիվ հարուցվել է 8 քրգործ

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ԶՈւ հանցագործությունների առթիվ հարուցվել է 8 քրգործ

2020 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 04:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, նպատակ ունենալով ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նշված բնակավայրերի բնակիչներին, դիտավորյալ ոչնչացնել նրանց գույքը, քաղաքացիական նշանակության կառույցները, ենթակառուցվածքային օբյեկտները, տարբեր տիպի և տրամաչափի զինատեսակների, այդ թվում նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորված հարվածներ են հասցրել բնակավայրերի ուղղությամբ:  Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը։

Արդյունքում արձակված կրակոցներից ու կրակոցներից Բերդ համայնքի Այգեպար բնակավայրում վնասվել է մանկապարտեզը և ջրագիծը: Չինարի բնակավայրում  հարվածային անօդաչու թռչող սարքի միջոցով պայթեցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող ավտոմեքենան, որի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել այդ պահին ավտոմեքենայի մոտ գտնվող նույն գյուղի մեկ բնակիչ, ինչպես նաև արձակված արկերից տուժել է 5 առնանձնատուն, մեկ ջերմոցային տնտեսություն:

Անդառնալի մարդկային  կորուստներից հնարավոր է եղել խուսափել միայն բնակիչների՝ պատսպարաններում թաքնվելու շնորհիվ:

 

Խաղաղ բնակչության կյանքի, առողջության, գույքի, հանրային նշանակության օբյեկտների նկատմամբ հանցավոր ոտնձգությունների  փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական  վարչության Բերդի քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերի և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է 5 քրեական գործ:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում նույն հանցավոր շարժառիթներով ՀՀ Ադրբեջանի տարածքից տարբեր տրամաչափի հրետանային միջոցների, ականանետների, հրաձգային զենքերի կիրառմամբ արկակոծության են ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող  մարտական դիրքերի, ռազմական նշանակության օբյեկտի տարածքները, որոնց հետևանքով տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածներ են ստացել ՀՀ ԶՈՒ  զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Այս դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են ևս 3 քրեական գործ՝ որոնցից 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ 13-րդ կետերով, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Վերոնշյալ 8 քրեական գործերով իրականացվում է նախաքննություն և կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:

Հուլիսի 17-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան է այցելել ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը՝ օպերատիվ իրավիճակին, հակառակորդի կողմից իրականացված սադրիչ հանցավոր գործողությունների դեպքերով հարուցված  քրեական գործերի նախաքննության ընթացքին, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակին  տեղում ծանոթանալու համար: Այդ նպատակով նա խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի տարածաշրջանն սպասարկող ՀՀ զինվորական դատախազության Լռու կայազորի դատախազների,  ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ռազմական ոստիկանության տվյալ կայազորի աշխատակիցների մասնակցությամբ, տվել իրավիճակից բխող հանձնարարություններ:

Վահե Հարությունյանը հանդիպել է նաև ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ և հանձինս նրա՝ իր զորակցությունը հայտնել բանակային կորպուսի սպայակազմին և զինվորներին՝ հուլիսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում ցուցաբերած խիզախության, բարձր պրոֆեսիոնալիզմի համար, ինչպես նաև կիսել ունեցած մարդկային կորուստների ցավը:

ՀՀ զինվորական դատախազը այցելել է նաև Բերդի զինվորական հոսպիտալում բուժում ստացող՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողներին, քաջալերել նրանց, մաղթել շուտափույթ ապաքինում, ինչպես նաև մանրամասն տեղեկացել նրանց բուժման ընթացքի, պայանների մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ