10 07 2020

Պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը բացարձակ չէ. սահմանադրագետ

Պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը բացարձակ չէ. սահմանադրագետ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․․

«Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ

Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում 

1․ հայտնած կարծիքի կամ 

2․ քվեարկության համար

Նշված դրույթից կարելի է անել ներքոհիշյալ հետևությունները։

1. Այն վերաբերում է բացառապես պատգամավորի քվեարկությանը կամ հայտնած կարծիքին, ուստի պատգամավորի կողմից առհասարակ չի կարող վկայակոչվել որպես քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք, օրինակ, ակնհայտ հակասահմանադրական նախագիծ շրջանառելու կամ օրենք ստորագրելու դեպքում, որն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ և չի հանդիսանում կարծիք կամ քվեարկություն։

2. Ինչ վերաբերում է «պատգամավորական գործունեության շրջանակներում քվեարկության համար» արտահայտությանը, ապա այն կարող է մեկնաբանվել բացառապես պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտի նպատակի և համաչափության սկզբունքի համատեքստում։

Այս ինստիտուտի նպատակը պատգամավորի գործունեության անխափան իրացումն է, այդ թվում՝ ընտրազանգվածի անկաշկանդ ներկայացումը խորհրդարանում ու ժողովրդավարական համակարգի ամրապնդումը։

Այն որևէ կերպ միտված չէ պատգամավորին Սահմանադրությունից և օրենքից վեր դասելուն, այլ անձանց համեմատ անհավասար վերաբերմունքի կամ ծանր հանցագործությունների խթանմանը։

Պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը բացարձակ չէ, և դրա կիրառումը պետք է մեկնաբանվի սահմանադրական նորմի իրավաչափ նպատակի և համաչափության սկզբունքի լույսի ներքո։

Բերեմ մի օրինակ, երբ պատգամավորը, իմ գնահատմամբ, ենթակա չէ քրեական պատասխանատվության։ Ազգային ժողովը վավերացնում է Հայաստանի Հանրապետության համար ֆինանսապես ակնհայտորեն ոչ ձեռնտու մի վարկային համաձայնագիր (օրինակ՝ տարեկան 100% տոկոսադրույքով), որը ժամանակի ընթացքում հանգեցնում է դեֆոլտի։ Եթե այդ համաձայնագիրն անցել է օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը (ստորագրվել է կառավարության կողմից, ՍԴ-ի կողմից ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող), ապա պատգամավորներն իրենց քվեարկության համար քրեական պատասխանատվության ենթակա չեն։

Այսինքն՝ պատգամավորը չի կարող ենթարկվել քրեական հետապնդման միայն այն քվեարկության համար, որը կատարվել է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ։

Հակառակ մեկնաբանության դեպքում կարելի է պնդել, որ պատգամավորը ենթակա չէ քրեական պատասխանատության, եթե, օրինակ, երկու ընթերցմամբ կողմ է քվեարկում «Մարտիրոս Մարտիրոսյանի մահապատժի ենթարկելու վերաբերյալ» օրենքին կամ «Սյունիքի մարզն օտարելու մասին» օրենքին կամ կողմ է քվեարկում, օրինակ, «Վերաքննիչ դատարանի դատավորների լիազորությունները դադարացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծին:

Այսպիսով, փաստենք, որ պատգամավորական անձեռնմխելիությունը որևէ կերպ չի կարող պաշտպանել Քրեական օրենսգրքով նախատեսված «Սահմանադրական կարգի տապալում», «Իշխանության յուրացում» եւ նմանաբնույթ այլ առանձնապես ծանր հանցանքներից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ