06 07 2020

Դատախազությունն առիթից օգտվում է՝ շահարկելով Ռոբերտ Քոչարյանի անունը. Ռուբեն Սահակյան․ Tert.am

Դատախազությունն առիթից օգտվում է՝ շահարկելով Ռոբերտ Քոչարյանի անունը. Ռուբեն Սահակյան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Պողոս Պողոսյանի սպանության գործով ինֆորմացիան, որ ես ունեցել եմ այն ժամանակ, ինձ թույլ է տվել ասելու, որ այդ գործով դատավճիռը օրինական է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պողոս Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, այժմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, ըստ որի՝ բավարարվել է դատախազության բողոքը և 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում կատարված Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։ 

 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նոր քննություն իրականացնելու անհրաժեշտություն տեսնում է, Ռուբեն Սահակյանը ասաց, որ չի կարող ասել, քանի որ չունի այն ինֆորմացիան, որն ունի դատախազությունը: Ինչ վերաբերում է իր՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը լինելուն, նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ինքնուրույն անձ է: «Մենք հակառակ բևեռներում ենք, ես այնտեղ տուժողի ներկայացուցիչ եմ, իսկ Ռոբերտ Քոչարյանն այստեղ մեղադրյալ է»,-ասաց նա:

Ամեն դեպքում նոր քննություն իրականացնելու մեջ Ռուբեն Սահակյանը միտում է տեսնում: «Տուժողի իրավահաջորդի, մահացածի որդու, թե ում կողմից պահանջ է եղել, և դատախազությունն էլ օգտվել է առիթից ու սկսել է քննություն կատարել, բնական  է՝ շահարկելով կրկին Ռոբերտ Քոչարյանի անունը, որն ընդհանրապես կապ չունի այդ միջադեպի հետ: Ինչ հիմարություն ասես, որ դուրս չէին տալիս, թե՛ պետական այրերը, թե՛ հասարակական, քաղաքական գործիչներ»,-ասաց նա:

 

Ռուբեն Սահակյանը շեշտեց, որ այն ապացուցողական բազան, որը եղել է այն ժամանակ, եղել է այնքան, ինչքան որ հնարավորություն է տվել դատարանին կայացնելու արդարացի որոշում, հակառակ դեպքում իրենք կբողոքարկեին: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեղադրանքները ուսումնասիրելու անհրաժեշտությանը, Ռուբեն Սահակյանն ասաց, հիմարությունը չի կարելի անվանել անհրաժեշտություն: «Ի՞նչ է նշանակում Ռոբերտ Քոչարյանն է հանձնարարել»,-հավելեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ