«ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով 2-րդ խորհրդաժողովի ժամանակ Սահմանադրական բարեփոխումների գործող հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը նշեց․
«Սահմանադրությունը պարզ փաստաթուղթ չէ, այն շատ խոր իրավական փաստաթուղթ է, որի տակ հսկայական տեքստ է թաքնված, և ոչ բոլոր իրավաբաններն են ունակ՝ վերծանելու ամեն բառի տակ թաքնված ինֆորմացիան։
Մեր սահմանադրական իրավունքը և Սահմանադրությունը ճիշտ ճանաչելու համար պետք է հասկանանք օբյեկտիվ իրավունքի գոյությունը: Այսօր այն ժամանակաշրջանն է, երբ Հայ Առաքելական եկեղեցին, որպես ազգային եկեղեցի, պետք է ճանաչվի որպես հանրային իրավունքի սուբյեկտ: Եկեղեցու և պետության փոխհարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե միայն պետության միակողմանի օրենքով, ինչպես այսօր է գրված, այլ եվրոպական երկրների փորձով:
Այնտեղ պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունները կարգավորվում են սահմանադրական համաձայնագրերով: Եվրոպական երկրներում երկու կողմերը հավասարը հավասարի սկզբունքով նստում են և համապատասխան փաստաթուղթ ստորագրում», - ասաց բանախոսը:
Ղամբարյանը միաժամանակ շեշտեց՝ Սահմանադրության տեքստի հետ աշխատելիս շատ զգույշ պետք է լինել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը