23 06 2020

Ճակատագրի հեգնանք, կամ 300 և 300․1 հոդվածների ոդիսականը․ Panorama.am

Ճակատագրի հեգնանք, կամ 300 և 300․1 հոդվածների ոդիսականը․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Նոր կոչվող Հայաստանի ամենամեծ զավեշտներից է այն, որ   մեկ մարդու կամքով ԱԺ  89 պատգամավորներ միաձայն քվեարկությամբ  տապալում են  երկրի սահմանադրական կարգը և կոպտորեն յուրացնում են իշխանությունը, բայց միևնույն ժամանակ՝ դատարանում նույն մարդու քմհաճույքով  երկու տարի ընթանում է 2008-ին սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման  կարած-կարկատած գործի քննությունը։

Այս երկու տարում  300 և  300․1 հոդվածները ենթարկվեցին մասնագիտական-փորձագիտական մանրազննին վերլուծության՝ փաստաբաններից մինչև Սահմանադրական դատարան, ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով։ Ինչպես և բոլոր հարցերում, այնպես էլ այստեղ հակադիր մեկնաբանություններ են տրվում իշխանական իրավաբանների և իրավաբանական մնացած հանրության կողմից։ Ամեն մեկի իրավունքն է  ընտրել, թե ում կարծիքն է ավելի պրոֆեսիոնալ՝   Արփինե Հովհաննիսյանի, Ռուբեն Մելիքյանի, Արամ Վարդևանյանի  (շարքը կարող եմ անվերջ շարունակել), թե՞  չաշխատելով   պետությունից աշխատավարձ ստացող Վահե Գրիգորյանի, հեծանիվից վախեցող Նիկոլայ Բաղդասարյանի կամ  10 րոպեանոց ասելիքը ժամուկեսում արտահայտող Տիգրան Եգորյանի։

Հավանաբար հենց վերջիններիս   իրավական գիտելիքներին էին  ապավինել ԱԺ-ում հունիսի 22-ին «ձեռքի  հետ» Սահմանադրությունը  փոփոխող 89 պատգամավորները, ովքեր ականջները պինդ փակել էին  իրավաբանական հանրության  այն զգուշացումներին,    որ կոլեկտիվ հանցանք են գործում  իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման հոդվածներով։  Մասնագետների կարծիքով, հատկապես արտակարգ դրության պայմաններում կատարած այս արարքների համար յորաքանչյուրին սպառնում է 10-15 տարվա ազատազրկում։ 

Պատգամավորները  չե՞ն գիտակցում, թե ոնց են սեփական պարանոցին պարան հագցնում։ Փաշինյանից այնքա՞ն են  վախենում,  որ խաչ են քաշում իրենց ապագայի վրա, թե՞ հույս ունեն վայելել նրա աջակցությունը ճակատագրական պահին։  Իզո՜ւր, Փաշինյանի հակաօրինական   արարքներն այնքան շատ ու բազմազան են, որ նա ինքն է իրեն վերջնականապես խճճել քրեական հոդվածների  հսկայական փնջում։

Իսկ 89-ի նկատմամբ  կկիրառվեն երկար  փորձաքննություն անցած 300 և 300․1 հոդվածները, ինչպես  երեկ ողջ օրը անկեղծորեն զգուշացնում էին ոչ իշխանական իրավաբանները՝ փորձելով հետ պահել երիտասարդներին խոտոր ճանապարհից։ Ավա՜ղ․․․ որոշումն ԱԺ սովորության համաձայն՝  «ափալ-թափալ» ընդունվեց, դեռ մի բան էլ ավելին՝ հասցրեցին Հանրապետության նախագահին  ծննդյան օրով զրկել  ԱԺ որոշումը ստորագրել-չստորագրելու լիազորությունից։  Ստացվում է՝  ի՞նչ նախագահ, ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ օրենք․․․ կա մեկ մարդ և այդ մարդը Նիկոլն է։  Եթե անկեղծ լինենք,  ՍԴ կազմի փոփոխությունն   ո՞ւմ է  երջանկացնելու՝  աշխատանքից ու առողջությունց զրկված  քաղաքացուն, թե՞  ևս մեկ ոսկեձկինկական քմհաճույք իրականացրած վարչապետին։ Հաստատ Սահմանադրական դատարանը վերջին բանն է, որ մտահոգում է չվարակվելու և օրվա  ապրուստի հոգսերով գոյատևող քաղաքացուն։

Պատկերացնում եք, եթե  նույն այս եռանդով ու փութաջանությամբ գործադիրն ու օրենսդիրը պայքարեին համավարակի դեմ․․․ վստահաբար մեկ ամսում կորոնավիրուսի մեջքը կջարդեին։ Բայց չէ, իրենք կոչված են իրենց գործատուների պահանջներն անտրտունջ ու  միաձայն կատարելուն։ Հենց այս միակամ հնազանդությունն է այն վառ օրինակը, թե ինչու չի կարելի իշխանության չորս  ճյուղերը կենտրոնացնել մեկ ձեռքում,  այն էլ՝ հայ ու Հայաստան չսիրող ձեռքում։

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր եզակի հնարավորություն ունի՝  խոչընդոտելու մեր պետության լիակատար հեղինակազրկումը։ Մինչև այս պահը ԼՀԿ-ն չի հայտնել իր դիրքորոշումը՝ ՍԴ դիմելու հարցով  ԲՀԿ-ի ստորագրահավաքին միանալու կապակցությամբ։ Հուսանք, որ եթե ոչ խմբակցությունը, ապա գոնե անհատ պատգամավորներ կգիտակցեն, թե որքանով է իրենց հեղինակությունը կախված այս որոշումից։ Անձնապես իրե՛նց, որովհետև ոչ ոք չի կասկածում, որ  ՍԴ-ն իր պրոֆեսիոնալ, ամուր, հայրենասեր գործող կազմով  (-1) կգտնի անմեղսունակ գործիչների հարձակումներից  պետության վարկը փրկելու իրավական ուղիները։  Կգտնեն,  քանի որ ունեն  լավ իրավաբանին բնորոշ որակներ՝ բարձր պրոֆեսիոնալիզմ,  քաղաքացիական ինքնագիտակցություն, պատասխանատվություն, մարդասիրություն, լայնախոհություն։

Ինչ վերաբերում է հունիսի 23-ին նշանակված,  300 և 300․1 հոդվածների  երկտարյա ոդիսականի սկիզբ հանդիսացած՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստին, ապա այն հետաձգվեց  Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառաբանությամբ։ Դատին ներկա էր գրավի կրառմամբ արդեն  ազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հաջորդ նիստն, ըստ ձևավորված ավանդույթի՝ մյուս երեքշաբթի օրն է․․․ Հիմա  ո՞վ է ձգձգում։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ