21 06 2020

ԴԱՀԿ աշխատակցները բռնություն են կիրառել քաղաքացու նկատմամբ․ Shamshyan.com



Հունիսի 17-ին ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Իսրայելյան փողոցի բնակիչ՝ 57-ամյա Մարինե Հ-ից, ով հայտնել էր, որ 2 օր առաջ իրենց շենքի մոտ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները՝ 10 հոգի, հարձակվել են ամուսնու վրա և ծեծի ենթարկել: Վերջինս հայտնել էր նաև, որ ծեծից հետո կանչով ժամանել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն ամուսինը հրաժարվել է բուժօգնությունից, իսկ բժիշկը իրեն հայտնել է, որ դեպքի մասին ինքը տեղեկացնելու է տարածքային ոստիկանություն։

Ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել էին, որ հունիսի 15-ին, ժամը 11։00-ին Իսրայելյան 43 շենքում վտարման գործողություններ կատարելու ժամանակ, ըստ Մարինե Հ-ի հայտարարության, ԴԱՀԿ ծառայողները շքամուտքում՝ բնակարանի առաջ, քաշքշել էին վերջինիս ամուսնուն՝ նույն հասցեի բնակիչ, 60-ամյա Արմեն Ե-ին, գցել գետնին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Արմեն Ե-ին պատճառվել էր մարմնական վնասվածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել էին հետաքննչական բաժանմունք։

Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում էին միջոցառումներ՝ ԴԱՀԿ նշված ծառայողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ