Երեկ Վենետիկի հանձնաժողովի հրապարակված փաստաթուղթը վստահորեն եկավ հաստատելու, որ իրավական խնդիր կա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հետ։ Այսպես` Վենետիկի հանձնաժողովը սևը սպիտակի վրա ասել է որ, այդ քրեական նորմը անորոշ է և անկանխատեսելի է իր կիրառման մեջ, այսինքն` չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին։ Պետք է նշել, որ նույն խնդիրը 300.1-րդ հոդվածի վերաբերյալ նաև արձանագրել էր ՄԻԵԴ-ը իր խորհրդատվական կարծիքում։
Վենետիկի հանձնաժողովի փորձագետները արձանագրել են հետևյալը.
Այսինքն` Վենետիկի հանձնաժողովը արձանագրում է, որ որոշակիության և կանխատեսելիության սահմանադրական պահանջների բավարարումը ակնհայտորեն ավելի բարձր ստանդարտ է պահանջում քրեական նորմերի դեպքում՝ հաշվի առնելով դրանց ներգործության ավելի բարձր աստիճանը և, ի թիվս այլ իրավունքների, անձնական ազատության ապօրինի սահմանափակման ուղղակի ռիսկը:
ՄԻԵԴ-ը նույնպես պահանջում է, որ մեղադրանքի հիմքում ընկած քրեական նորմի առերևույթ կամայական և անկանխատեսելի մեկնաբանությունն՝ ի խախտումն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի, քրեական գործով դատաքննությունը ամբողջությամբ կարող է դարձնել անարդար՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո։ ՄԻԵԴ-ի նախադեպերը արձանագրում են, որ անձին ազատությունից զրկելու դեպքերում հատկապես կարևոր է, որ իրավական որոշակիության սկզբունքը պահպանված լինի: Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ ազատությունից զրկելու պայմանները հստակ ձևակերպված լինեն ներպետական օրենսդրությամբ և այդ օրենքները իրենց հերթին լինեն «կանխատեսելի իրենց կիրառման մեջ, որպեսզի համապատասխանեն «օրինականության» կոնվենցիոն չափանիշին: Այս չափանիշը պահանջում է, որ օրենքները լինեն բավարար չափով հստակ, որպեսզի հնարավոր լինի խուսափել կամայականության հնարավոր բոլոր ռիսկերից և հնարավորություն տա անձանց, անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհրդատվության օգնությամբ տվյալ պայմաններում ողջամտության աստիճանի կանխատեսել այն հետևանքները, որ գործողությունը կարող է ունենալ:
Փաստացի այս նոր փաստաթղթով Վենետիկի հանձնաժողովը հաստատեց հենց իր 2009 թվականին Քրեական օրենսգրքի փոփոխությունների և 300.1-րդ հոդվածի մշակման հեղինակների դիրքորոշումները։ Այսպես, Վենետիկի հանձնաժողովի 2009 թվականի CDL(2009)042 եզրակացության 16-րդ կետում, որը վերաբերում է առաջարկվող 300.1-րդ հոդվածին, ուղղակի նշված է. «Այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը՝ ամրագրելով առանձին հանցագործություն` սահմանադրական կարգը տապալելը, նույնպես, ըստ ամենայնի, ընդունելի է»:
Այսպես` 300.1-րդ հոդվածը չի բավարարում որոշակիության և կանխատեսելիության թե՛ Սահմանադրության և թե՛ Եվրոպական Կոնվենցիայի պահանջներին: 300.1-րդ հոդվածի առանձին ձևակերպումներ չեն համապատասխանում որոշակիության նույնիսկ այնպիսի աստիճանի որը հնարավոր կլիներ հաղթահարել իրավակիրառ պրակտիկայի միջոցով:
Գրիգորյան Սարգիս
GPartners իրավաբանական ընկերություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը