ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ եւ հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, ինչպես նաեւ ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձեւականորեն տեղափոխվել եւ ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով, հաշվառվել փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երեւան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներում, որպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում եւ այդ կերպ Երեւանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել եւ հաշվառել են Երեւան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց հաշվառման իրական վայրերում։ Հաղորդում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել են կաշառք` դրամ, գույք կամ որեւէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար ցանկալի արդյունքներ։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցաոռւմներ։
Քրեական գործի նախաքննությամբ անհերքելի փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը 2018 թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ընտրությունների արդյունքների կապակցությամբ համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ՝ նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ։
Ավելին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաեւ, որ Նաիրա Զոհրաբյանը նույն համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետեւյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունը էտա…»:
Խոսակցություններից պարզ է դառնում նաեւ, որ Զոհրաբյանն ու իր համախոհները ընդունում են, որ հեղափոխություւնից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չլինեու հետեւանքով՝ իրենց կուսակցությունն այլեւս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը