14 06 2020

Պատգամավորն առանց ԱԺ համաձայնության չի կարող զրկվել ազատությունից․ Գոհար Մելոյան

Պատգամավորն առանց ԱԺ համաձայնության չի կարող զրկվել ազատությունից․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանն իրականացվող խուզարկությունը: Մելոյանն այս առիթով գրել է.

«Արդյո՞ք կիրակի առավոտյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանն իրականացվող խուզարկությունն առերևույթ կերպով պարունակում է քաղաքական հետապնդման տարրեր։

Անկախ նշված հարցի պատասխանի ակնհայտ լինելուց՝ պետք է պարզել, թե քննչական գործողության համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները երբ են հայտնի դարձել ԱԱԾ քննչական վարչությանը։

Այսպես, եթե խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ շարադրված փաստական հանգամանքներից բխում է, որ դրանք ԱԱԾ քննչական մարմնին հայտնի են եղել ավելի վաղ, քան վերջին մի քանի օրերը՝ մինչ Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթը, որում վերջինս ներկայացրեց իր մտահոգությունները կառավարման համակարգի վերաբերյալ, ապա իրականացվող քննչական գործողությունն ակնհայտ ոչ իրավաչափ է։

Ավելին, եթե խուզարկության համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքներն հայտնի են եղել ավելի վաղ քան այդ ելեւյթը, ապա, հաշվի առնելով դրան հաջորդած իշխանության քաղաքական հայտարարությունները, այսօր իրականացվող խուզարկությունն առերևույթ կերպով պարունակում է քաղաքական հետապնդման տարրեր։

Նշված հանգամանքները կարող են հայտնի դառնալ բացառապես խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումից և ԱԱԾ քննչական վարչության կողմից դատարանին ներկայացված նյութերից։

Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ևս մեկ անգամ իրավապահ մարմիններին հորդրորել գործելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների և գործառույթների շրջանակում, իսկ պաշտոնատար անձանց հիշեցնել Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքը»։

Նա նաև նշել է,

«Ինչ է տեղի ունենում

Բռնության զուգորդմամբ ձերբակալվեց խաղաղ հավաքն իրավապաշտպանական դիտարկում իրականացնող Ruben Melikyanը։

Խուզարկության է ենթարկվել նաեւ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատունը։ Վերջինս բերման է ենթարկվել ԱԱԾ՝ հարցաքննության նպատակով։

 Այս պահին ԱԱԾ-ում հարցաքննվում է նաեւ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

 Ի դեպ, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

ԱԱԾ շենքի դիմաց հավաքվել են իրենց մտահոգությունն արտահայտող քաղաքացիներ եւ կենտրոնացվել են մեծաքանակ իրավապահ մարմիններ։

Կոչ եմ անում իրավապաշտպաններին եւ մասնագիտացաված կառույցներին ուշի-ուշով հետեւելու ընթացող գործընթացներին եւ արձանագրել տեղի ունեցող իրավախատումները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ