Վարչապետը հայտարարեց, որ առնվազն երկու անձ մահացել է, քանի որ հնարավոր չի եղել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք մի պարզ պատճառով՝ տեղ չի եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին նշեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հարց ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին. «Այդուհանդերձ, Սահմանադրությամբ պետությունն ունի մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու միջազգային պարտավորություններ: ՄԻԵԴ-ը բազմաթիվ որոշումներով արձանագրել է պետության կողմից մարդու առողջությունը պահպանելու մասին և եթե այս կամ այն օղակը չի կարողացել պահպանել մարդու առողջությունը նախատեսում է հատուկ ընթացակարգեր: Կուզենայի Ձեր արձագանքը լսել, որ բուժհաստատություններում տեղ չլինելու պատճառով մարդիկ մահացել են, սրան պետք է իրավական գործընթաց հետևի, թե ոչ պատասխանատվության մասով»:
Ի պատասխան Արման Թաթոյանը նշեց. «Մենք կապի մեջ ենք պարետատան հետ ցանկացած հարցով: բուժօգնության ցուցաբերման հարցերով ես լրացուցիչ գրություններ եմ հասցեագրել, այդ դեպքով էլ, որ ստանանք լրացուցիչ տեղեկություններ, որովհետև ինձ անհրաժեշտ են պաշտոնական պարզաբանումներ»:
Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ հնչեցրեց իր հարցը. «Երկու մարդ մահացել է հիվանդանոց չհասցնելու պատճառով: Ի վերջո քրեական վարույթ պետք է հարուցվի՞, թե ոչ, պարզելու համար մեղավորներին»:
Թաթոյանն էլ ասաց. «Որպեսզի քրեական վարույթ հարուցելու անհրաժեշտության հարցը լուծվի, անհրաժեշտ է հասկանալ կոնկրետ գործի հանգամանքները՝ արդյոք պաշտոնատար անձի մեղքով է եղել, թե ոչ: Այսինքն մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում սպասում են նաև դրա հետ կապված պարզաբանումներին, որպեսզի հասկանանք մեր հետագա գործունեությունը: Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ այս պահին իմ կողմից ժամանակավրեպ կլինի քրեական վարույթի մասին խոսելը, և ճիշտ չի լինի կանխակալ գնահատականներ հնչեցնել»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը շարունակեց, թե չի կարծում արդյոք, որ հենց բոլոր գործերը պարզաբանելու համար պետք է հարուցվի վարույթ, Արման Թաթոյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնատար անձ է, թեև անկախ է: Ի տարբերություն հասարակական, քաղաքական գործիչների, պատգամավորների, չեմ կարող նման գնահատականներ տալ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը