03 06 2020

Չփորձել համոզման մեթոդին հակադրվել, կլինի կոշտ հակազդեցություն․ Ոստիկանապետ

Չփորձել համոզման մեթոդին հակադրվել, կլինի կոշտ հակազդեցություն․ Ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում նշեց․ 

«Երեկ շատ աղմկալի մի դեպք տեղի ունեցավ Արմավիրի մարզի Գայ գյուղում տեղակայված  այսպես կոչված «Մեյմանդարի» շուկայում, որտեղ քաղաքացիները, չցանկանալով ենթարկվել պարետի որոշման պահանջներին, համոզման մեթոդին դիմադրեցին և կատարեցին խուլիգանություն: 258-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար։ Ոստիկանության ստորաբաժանումներն իրականացրեցին միջոցառումներ տվյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց նույնացնելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի, կան ձերբակալվածներ»:

 

Ոստիկանապետը տնտեսվարողներին կոչ արեց պատշաճ կերպով կատարել պարետատան սահմանած որոշումները.

«Չփորձել համոզման մեթոդին հակադրվել և փորձել իրականացնել նմանատիպ գործողություններ, ինչը երեկ տեղի ունեցավ։ Վստահեցնում եմ, որ այսուհետև նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն»,- ասաց ոստիկանապետը։

Նա նաև նշեց, որ ոստիկանության բոլոր ստորաբաժումները, ներգրավված լինելով ՀՀ-ում հակահամաճարակային այս գործընթացը քաղաքացիների կողմից կանոնների պատշաճ կատարման ապահովելու մեջ, իրականացնում և շարունակելու է իրականացնել կոնկրետ միջոցառումներ։  Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր։

«Արդեն իրականացվել են մի շարք վարչական շրջաններում։ Ունենք վարչական շրջաններ, որտեղ արդեն քանիցս իրականացվել են ռեյդեր, ստուգելու նախկինում քաղաքացիների մոտ արձանագրված խախտումների կրկնության հավանականության, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից պահանջվող կանոնների պահպանումը»,- ասաց ոստիկանապետը

 

Նա նշեց՝ ՀՀ-ում արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 700-ից ավելի վարչական արձանագրություն է կազմվել, իսկ երեկ 931 վարչական արձանագրություն՝ հիմնականում քաղաքացիների և վարորդների կողմից դիմակ չկրելու փաստերով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ