Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Հայկական ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում հրապարակված նյութից տեղեկացա, որ վարույթ իրականացնող մարմինը կալանք է դրել «ենթադրաբար» Միքայել Մինասյանին պատկանող ընկերությունների բաժնետոմսերի վրա:
Նշված փաստի վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունից դեռևս չենք ստացել որևէ գրավոր փաստաթուղթ կամ բանավոր պարզաբանում:
Առավել տարակուսելի է, որ կալանք է դրվել ոչ միայն Միքայել Մինասյանի բարեկամներին կամ պարզապես ծանոթներին պատկանող ընկերությունների, այլև այն ընկերությունների բաժնեմասի վրա, որոնց սեփականատերերին Միքայել Մինասյանն անձնապես չի էլ ճանաչում:
Նշվածը վերջին երկու տարին անընդմեջ Միքայել Մինասյանի և նրան հետ երբևէ որևէ առնչություն ունեցած, իսկ առանձին դեպքում՝ որևէ առնչություն չունեցած անձանց և ընկերությունների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունների հերթական փուլն է:
Ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունները չունեն Միքայել Մինասյանի կողմից վերջին ժամանակահատվածում իրականացվող աղմկահարույց բացահայտումներին պատասխանելու որևէ այլ տարբերակ, քան ապօրինի եղանակով քրեաիրավական գործիքակազմին դիմելը՝ մի տարբերակ, որն ի սկզբանե դատապարտված է անհաջողության:
Այս պահին փորձում ենք ստանալ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ դատավարական ակտերը՝ օրենքով սահմանված եղանակով դրանք բողոքարկելու համար:
Միաժամանակ, մեր ներողամտությունն ենք հայցում այն ընկերություններից և անձանցից, որոնք այսօր տուժում են Միքայել Մինասյանի հետ երբևէ որևէ առնչություն ունենալու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը