«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի 2020թ. խորհրդատվական կարծիքով դրվեց արդարադատության մեկնարկը։
ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը պարունակում է խորքային հիմնավորումներ և պատճառաբանություններ։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի և իրավաչափ լինել միայն այն դեպքում, եթե բավարար հստակ է և կանխատեսելի: Իրավական նորմն ինքնին պետք է հնարավորություն տա անհատին կանխատեսելու կոնկրետ վարքագծի պարագայում օրենքով նախատեսված հնարավոր պատասխանատվությունը: ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Սահմանադրության նորմերը, որոնց հղում է տրվում քրեական օրենսգրքի միջոցով, պետք է լինեն հստակ և կանխատեսելի, այդ թվում` հանցակազմի տարրերի տեսանկյունից: Այդպիսի բլանկետային նորմի ձևակերպումը չի կարող լինել այնպես, որ արարքի շրջանակն ընդլայնվի:
Հետևաբար, դատախազությունը պետք է հիմնավորի ՔՕ 300.1 հոդվածում Սահմանադրության 1-ից 6-րդ հոդվածի 1-ին մասի վրա տրված հղման արտահայտվածությունը: ՄԻԵԴ-ն նշել է՝ բլանկետային նորմի վավերականությունը ապահովելու լավագույն ճանապարհը քրեաիրավական նորմի այլ նորմերի հղման ակներևությունն է: Իրավական տեխնիկայի տեսանկյունից ՔՕ 300.1-րդ հոդվածի շարադրանքի վավերականությունը խիստ վիճարկելի է, քանի որ հոդվածում թվարկված 2005թ. Սահմանադրության կոնկրետ հոդվածները առայսօր համապատասխանեցված չեն 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությանը: Իսկ սա բերում է նորմի հակասահմանադրականության։
ՄԻԵԴ-ն անկնհայտորեն խնդիր է տեսնում 300.1-րդ քրեական նորմի հետադարձ ուժի վերաբերյալ։ ՄԻԵԴ-ը հստակ նշել է, որ հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ, և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով: Դատարանն արձանագրել է, որ հետադարձ ուժի միասնական կանոն առկա չէ, սակայն վերջինս առանձնակի կարևորություն է տվել ներպետական դատական պրակտիկային:
Հետադարձ ուժի սկզբունքի գնահատումը պետք է իրականացվի հատկապես այդ հոդվածի կիրառման պրակտիկայի համատեքստում։ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ «7-ի գործով», երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ և իր ծանրացնող բնույթով կիրառման ենթակա չի եղել: Դատախազությունը 2009թ. փաստորեն հրաժարվել է ՔՕ 300.1 հոդվածի կիրառումից: Դատախազությունը, որպես միասնական մարմին, «7-ի գործով» ունեցել է դիրքորոշում, որով «7-ի գործով» ամբաստանյալների նկատմամբ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ պայմանավորված քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հանգամանքով: Նույն դիրքորոշումն ունեին այսօրվա իշխանության ներկայացուցիչները, նույն դիրքորոշումն ունեին այն ժամանակի իրավապաշտպանները, ովքեր այն ժամանակ պահանջում էին այդ հիմքով կարճել քրեկան գործը, որոնք այսօր, սակայն, չգիտես ինչու էլ չեն հիշում այդ մասին։
Դատախազությունը, որպես միասնական մարմին պետք է ղեկավարվի՝ նախկինում իր գործողություններին չհակասելու մոտեցմամբ և դադարեցնի Մարտի 1-ի գործով հետապնդումը: Եթե «7-ի գործով» պաշտոնապես ճանաչվել է ՀՀ Քր օր-ի 300.1-րդ հոդվածի հետադարձ կարգով կիրառելու անթույլատրելիությունը, ապա այդ նույն մոտեցումը պետք է կիրառել նշված հոդվածով որակված այլ արարքների նկատմամբ:
Վերջին հաշվով, վերը նշված հարցերին պետք է պատասխանի ՀՀ ՍԴ-ն։ Իսկ իրավական առումով պատասխանատուն լինելու են գործը քննող մարմիններ։ Հնարավոր չի լինելու խուսափել պատասխանատվությունից՝ ամեն ինչ բարդելով քաղաքական իշխանության վրա։ Իսկ արդյունքում գործը կամ կարճվելու է, կամ կայացվելու է արդարացման դատավճիռ։ Գործը բազմաթիվ դրվագներով քննվելու է միջազգային բարձր դատական ատյաններում, և ես սա ասում եմ ցավով, սկայան Հայաստանի դեմ հնարավոր որոշումները որևէ մեկի համար անակնկալ չեն լինելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը