28 05 2020

​Միջմարզային ճանապարհներին անցակետեր կդրվեն․ Ոստիկանապետ

​Միջմարզային ճանապարհներին անցակետեր կդրվեն․ Ոստիկանապետ

Ուղևորափոխադրում իրականացնող և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մշտադիտարկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից միջմարզային ճանապարհներին տեղադվել են ուղեփակոցներն ու անցակետեր։ Այս մասին ճեպազրույցին նշեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«ՀՀ ոստիկանության կողմից միջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ, անցակետեր, որոնք հնարավորություն են տալիս ոստիկանության ծառայողներին մշտադիտարկել այն մեքենաները, որոնցով երթևեկում են քաղաքացիները և հանրային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում տվյալ վարորդները կամ տնտեսվարող սուբյեկտները ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Ոստիկանության կարգախմբերն ու ծառայողները հանրապետության տարածքում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ուսումնասիրում և մշտադիտարկում են իրականացնում մի շարք ուղղություններով»,- նշեց Սարգսյանը։

Ոստիկանապետը նաև ասաց, որ հանրային տրանսպորտում նույնպես բոլոր քաղաքացիները, ինչպես նաև վարորդը պարտավոր են կրել դիմակ։ Հանրային տրանսպորտի վարորդը նաև պետք է հետևի այլ կանոնների, այսինքն՝ պարբերաբար ախտահանի ձեռքերը։

«Ընդհանուր առմամբ, վերջին օրերին իրականացված վարչարարության ընթացքում շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Այս գործընթացը լինելու է շարունակական, սակայն այս ամենի նպատակը ոչ թե վարչարարություն իրականացնելն է, այլ քաղաքացիների կողմից անհրաժեշտ կանոնների պահպանման պատշաճ ապահովումը»,- նշեց Սարգսյանը։

Ոստիկանապետը հորդորեց քաղաքացիներին հանգստյան օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներ իրականացնելուց, արշավներ և ուխտագնացություններ կազմակերպելուց։ Նա հավելեց, որ որոշ ուխտատեղիներում մայիսի 28-ին նկատվել է քաղաքացիների շարժ։

Նա նաև նշեց՝ վերջին երկու օրերին ոստիկանությունը տեսչական մարմինների հետ համատեղ ռեյդեր է իրականացրել Դավիթաշեն, Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջանների տարածքում: Ա

«Այսօր ռեյդեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում: Այդ ռեյդերի ժամանակ եղել են կրկնակի ուսումնասիրություններ: Այսինքն ստուգայցից հետո դարձյալ ոստիկանական կարգախմբերը վերադարձել են նույն տարածք եւ ստուգել, թե որքանով են պահվում այն կանոնները, որոնց համար արդեն իսկ քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ընդհանուր առմամբ, այս ռեյդերի արդյունքներով Դավիթաշենում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ Նուբարաշենում եւ Նորք Մարաշում 124 քաղաքացի: Ընդհանուր առմամբ կասեցվել է թվով 62 տնտեսվարողի գործունեությունը: Այսօրվա տվյալները դեռ մշակման փուլում են»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ