Այսօր Կառավարության նիստի ժամանակ Վարչապետը հայտարարեց, որ իրենք ընտրում են արբիտրաժի զարգացման նոր մոդել: Այս պարագայում Կառավարությանը և մասնավորապես` Արդարադատության նախարարությանը պետք է ասել` «ԿԱ՛ՆԳ ԱՌԵՔ»։ Այդ հարցում պետական միջամտության կարիք ընդհանրապես չկա` «աչքի տեղը, ունքն էլ կհանեք»։ Սկսած 2006 թվականից՝ Հայաստանը արդեն որդեգրել է արբիտրաժի զարգացման իր ուղին` բարձրացնելու ինստիտուցիոնալ կարողությունները՝ հիմքում դնելով UNCITRAL-ի մոդելային օրենքը, ինչպես նաև իրագործելու մի շարք նախաձեռնություններ։
Միջազգային լավագույնը փորձը բազմիցս ցույց է տվել, որ պետության չհիմնավորված և խորքային ուսումնասիրություն չանցած միջամտություները խոչընդոտում են առևտրային արբիտրաժի զարգացմանը։ Կառավարությունը կարող է նախաձեռնել կրթական միջոցառումներ դատավորների համար, որպեսզի վերջիններս կարողանան իրենց հերթին օժանդակել առևտրային արբիտրաժի զարգացմանը՝ սկսած ապացույց ձեռքբերելուց մինչև արբիտրաժային վճիռների ճանաչում և կատարում, այլ ոչ թե ստեղծեն «խանդի» տեսարաններ։ Ավելին՝ Կառավարությունը կարող է օժանդակել մասնավոր հատվածին՝ ստեղծելու իրավաբանական ենթակառուցվածքներ արբիտրաժային ծառայություններ մատուցելու համար։
Այսօր դատարանները չեն բավարարում ժամանակակից բիզնեսի պահանջները, օրինակ` դատավորների ցածր մասնագիտական հմտություններ, դատավարության երկարատևություն, գործընթացի անարդյունավետություն և այլն։ Հատկանշական է, որ Հայաստանում դատարաններն էլ իրենց հերթին հանդիսանում են խոչընդոտ տնտեսական զարգացմանը։ Նույնիսկ համաճարակային պայմաններում դատարանների՝ վեճերի լուծման ծառայությունների մատուցման գործընթացը խաթարված է: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Արդարադատության նախարարարության որոշ ներկայացուցիչներ ևս չեն կարողանում կամ նպատակ չունեն իրականացնելու իրական բարեփոխումներ ուղղված բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը։
Ակնհայտ է, որ Հայաստանում պետական ինստիտուտների ոչ արդյունավետ և ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության ցածր մակարդակը խոչընդոտում են ներդրումների։ Գաղտնիք չէ, որ այն երկրները, որտեղ մասնավոր սեփականությունը պաշտպանված չէ կամ տնտեսական գործունեության ազատությունը սահմանափակված ներգրավմանը, կառավարությունները իրականացնում են լայնածավալ էքսպրոպրացիաներ (բռնագանձումներ)` այն ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում։
Եթե Կառավարությունը գնա «պարտադիր-պետական» արբիտրաժի մոդելով, ապա շատ կարճ ժամանակահատվածում կտապալվեն արբիտրաժի զարգացման բոլոր փորձերն ու ապագայի հնարավորությունները (թե՛ տեղական և թե՛ միջազգային արբիտրաժները), որը իր բացասական ազդեցությունը կթողնի տնտեսության զարգաման և իհարկե ներդրումների ներգրավման վրա։
Հայաստանը ունի բացառիկ հնարավորություն դառնալու վեճերի լուծման տարածաշրջանային կենտրոն, մասնավորապես՝ ֆինանսական շուկայում։ Բայց այս քննարկումը կթողնենք հետագայի համար…։
Սարգիս Գրիգորյան
GPARTNERS իրավաբանական գրասենյակ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը