Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ոչ թե պետք է փոփոխվեր, այլեւ առհասարակ նրա նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ վստահեցնելով, որ դա կապացուցվի՝ լինի դա ներպետական ատյաններով, թե ՄԻԵԴ-ով:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաև՝ գրավ կիրառելու մասին։ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունները։
Ալումյանը նշել է, որ դատարանի որոշումը բաղկացած է 91 էջից, սակայն միջնորդությունները մերժելու փաստարկները մոտավոր կազմում են 1,5 էջ, որտեղ չկա որևէ լուրջ փաստարկ: Նրա խոսքով ՝դատարանի որոշման մեջ մեծ տեղ է զբաղեցնում նկարագրական հատվածը, մասնավորապես՝ շարադրված են յուրաքանչյուր ամբաստանյալի մեղադրանքները, երբ է փոփոխվել մեղադրանքը, ներառված են մեջբերումներ՝ ՄԻԵԴ-ի և Վճռաբեկ դատարանի որոշումներից, օրենքներով:
Անդրադառնալով անձնական երաշխավորության միջնորդության մերժմանը, Ալումյանն ասել է, որ դատարանն անձնական երաշխավորություն ներկայացրած անձանց հետ կապված հարցերին անդրադարձ չի կատարել, ընդհանուր առմամբ ասել է, որ անձնական երաշխավորությունը չի կարող զսպել գործի խոչընդոտման հավանականությունը, ոչ մի լրացուցիչ պատճառաբանություն, թե ինչու հենց տվյալ անձանց երաշխավորությունը, ինչու է դատարանը գտնում, որ երաշխավորությունը չի հաղթահարում այն շեմը, որից հետո հնարավոր է խափանման միջոցը կիրառել կալանքի փոխարեն:
Հարցին, թե արդյո՞ք դատարանը քաղաքական ցանկություններով է առաջնորդվում, Ալումյանը պատասխանել է, որ կարծում է, որ քաղաքական ցանկությունները դատավորինը չեն, այլ՝ քաղաքական իշխանություններին հաջողվել է ահաբեկել դատավորների մի զգալի մասին, որոնք էլ ահաբեկված մտածում են՝ ինչպես անեն, որ վարչապետին չբարկացնեն:
Նրա խոսքով՝ Մարտի 1-ի գործը վարչապետի համար այլևս առաջնահերթ չէ, բայց բոլորի համար արդեն պարզ է, որ վարչապետը ֆիքսված է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու վրա և դատավորները սկսել են հասկանալ, որ նրա ցանկությունները չիրականացնելու դեպքում հետևանքները կարող են լինել անկանխատեսելի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը