19 05 2020

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով կա 28 մեղադրյալ

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով կա 28 մեղադրյալ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության եւ չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ եւ գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ:

ՀՀ ՔԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել եւս 4 անձ, որոնցից 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդությունները քննարկման փուլում են:

Այս պահի դրությամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, որից 25-ը՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկ անձի՝ նույն կենտրոնում նաեւ սպանության փորձի, իսկ երկու անձի՝ Գավառի Ազատության փողոցում խմբի կողմից, երկու եւ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են միջադեպին եւ փոխհրաձգությանը մասնակցած անձանց ավտոմեքենաներից 10-ը, ինչպես նաեւ՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենից 2-ը, նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ