14 05 2020

Աննա Դանիբեկյանի՝ քթի վիրահատության մասին հրապարակումների առնչությամբ հարուցված գործը կքննի ՔԿ-ն. «Փաստինֆո»

Աննա Դանիբեկյանի՝ քթի վիրահատության մասին հրապարակումների առնչությամբ հարուցված գործը կքննի ՔԿ-ն. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կքննի ՀՀ քննչական կոմիտեն «Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ քրեական գործն արդեն ստացել են։ 

Ավելի վաղ հայտնել ենք, որ դատավորի՝ քթի վիրահատության մասին հրապարակումների առնչությամբ նախապատրաստված նյութերով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է նախաքննական մարմին՝ նախաքննության։
ՔԿ-ից հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի և 145-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելու և բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալներ հրապարակելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մարտի 17-ին նշանակված դատական նիստը չէր կայացել, թեեւ մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից տեղեկացրել էին, որ այն կայանալու է ու պաշտպանական կողմը ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։ Դատական նիստի հետաձգումը պատճառաբանվել էր դատավորի վատառողջ լինելու հանգամանքով, սակայն հետագայում պարզվեց, որ նա ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ՝ դեռեւս մարտի 13-ի ամսաթվով ։ Ավելի ուշ՝ ապրիլի 9-ին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Աննա Դանիբեկյանը պետպատվերի շրջանակներում վիրահատել է քիթը։

Հրապարակումներից 5 օր անց՝ ապրիլի 14-ին, ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, թե դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ հրավիրել է գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար: Մասնավորապես՝ ԲԴԽ-ն գտել է, թե հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/։ Ապրիլի 16-ին դատախազությունից հայտնեցին, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։ Նույն օրը հայտնի դարձավ, որ դատավորը վերադարձել է աշխատանքի և կրկին մեկնել հերթական արձակուրդը՝ դատական նիստի օր նշանակելով մայիսի 8-ին։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է Yerven.Today-ի ««Կարճ ասած»․ Դանիբեկյանի քթացավի ու ԲԴԽ անգործության մասին»հաղորդմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ