12 05 2020

Վաղվա որոշումը բեկումնային է․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան․ Tert.am



Tert.am-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նպատակով երեք տարբեր միջնորդություններ են ներկայացված եղել դատարան։ Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Քոչարյանի խափանման միջոցը փոխելն անհրաժեշտություն է։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ  «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Հարցին՝ դատավորի կողմից կամայական մոտեցում կա՞, թե՝ ոչ, Հայկ Ալումյանը պատասխանել է․ «Միայն դատավորի կողմից չէ, որ տեսնում ենք կամայական վերաբերմունք, սա մի խումբ անձանց կողմից կառավարվող գործընթաց է։ Ես չգիտեմ՝ Աննա Դանիբեկյանի վիրահատություն իր վրա ինչքան է նստել, բայց Ռոբերտ Քոչարյանի վրա շատ թանկ է արժեցել»։

Դիտարկմանը՝ կա տեսակետ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով որքան հնարավոր է պահեն կալանքի տակ, Հայկ Ալումյանը նշել է․ «Այս դատական պրոցեսում գլխավոր դերակատարն Աննա Դանիբեկյանը չէ։ Գլխավոր դերակատարը դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն է, ով Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով գործը կարող էր փոխանցել այլ դատավորի, բայց չարեց»։

Հայկ Ալումյանի համոզմամբ՝ բոլոր այն դատավորներն, ովքեր ճնշման տակ օրենք են խախտում, մի օր պատասխան են տալու․ «Եթե ոչ այսօր, ապա հետագայում սերունդները երբեք չեն մոռանալու նման դատավորներին։ Աննա Դանիբեկյանն իր գնահատականը ստանալու է մոտակա ապագայում։ Մենք այսօր խոսում ենք բարոյական պատասխանատվության մասին։ Ի վերջո չի կարելի մեկ ամիս, քսան օր չքննել խափանման միջոցի միջնորդությունը»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրներին՝ Հայկ Ալումյանն ասել է․ «Այսօր Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է, բժիշկների գնահատմամբ վիրահատությունը նորմալ է անցել»։

Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը չի սիրում խոսել իր առողջական խնդիրների մասին․ «Երբ Ռոբերտ Քոչարյանին բավականին ծանր վիճակում մարտի 7-ի գիշերը մեկուսարանից տեղափոխեցին բժշկական կենտրոն, անգամ այդ ժամանակ նա չէր ուզում ԲԿ տեղափոխվել, ՔԿ-ի պետն ու մի քանի անձինք նրա հետ խոսեցին, որից հետո նա համոզվեց, որ անհրաժեշտ է բժշկական կենտրոնում բուժում ստանալ»։

Խոսելով մայիսի 8-ին կայացած դատական նիստից, երբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար դատարան էին ժամանել նախկին վարչապետները, Հայկ Ալումյանը նշել է․ «Ե՛վ նախկին վարչապետներն էին ուզում խոսել, և՛ տուժող կողմն էր ցանկանում հարցեր տալ, սակայն դատարանը որոշեց, որ թույլ չի տալիս։ Երբ վարչապետները հեռացան նիստերի դահլիճից, սկսվեց քննարկում, որը բարոյական առումով շատ ամոթալի երևույթ էր։ Վարչապետների հեռանալուց հետ տուժողների ներկայացուցիչները սկսեցին պախարակել նախկին վարչապետներին»։

Հայկ Ալումյանն առանձնացրեց տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի մեղադրանքները մի քանի հոգու հասցեին․ «Փաստաբան Սեդա Սաֆարյանը դատավորին թղթերի այնպիսի կապոց ներկայացրեց, որ ինձ թվաց՝ վճիռն է դա, մինչդեռ մամուլից վերցրած մի քանի հոդվածներ էին մասնավորապես՝ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի մասին»։

Հարցին՝ այս ամենի նպատակը ո՞րն է, փաստաբանը պատասխանել է․ «Նպատակն է՝ ստեղծել մի շղարշ, ինչ-որ մի տպավորություն։ Դատական այս ամբողջ ընթացքը կազմված է տպավորությունների վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ