Yerkir.am-ը գրում է․
«Երեկ ՀՀ քննչական կոմիտեն լուր տարածեց, որ 2020 թ. մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է քրեական գործ՝ «Narek Sargsyan» օգտատիրոջ կողմից «Facebook» սոցիալական կայքում ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: Քրեական գործի նախաքննության ընթացքում «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատիրոջ անհատական էջից ներբեռնվել է կայքի բոլոր օգտատերերի համար հասանելի՝ 21 րոպե տևողությամբ տեսանյութ, որի զննությամբ պարզվել է, որ հիշյալ օգտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի և դրանց մասնակիցների հասցեին, ինչպես նաև անհասցե սոցիալական բաց հարթակում հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ, կատարվել լկտի ու վիրավորական արտահայտություններ, դրա ընթացքում տրվել նաև բռնություն գործադրելու սպառնալիքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2020 թ. մայիսի 8-ին Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 5-րդ կետով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Պարզվեց՝ Նարեկ Սարգսյան օգտատերը սույն լուսանկարում ներկայացված անձնավորությունն է, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ուղիղ եթերում ՀՀ ոստիականական համակարգին, վարչապետին և իշխանություններին խիստ քննադատության ենթարկելու և հայհոյելու համար։ Օգտատերը նշյալ տեսանյութում հիշատակում է նաև Գավառում վերջերս տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ընդհարումը՝ կրկին խստորեն քննադատելով և հայհոյելով Ալեն Սիմոնյանին, ՀՀ վարչապետին, «Հեղափոխության պահապաններ» կոչված նորահայտ կազմակերպությանը և այլոց։
Օգտատեր Նարեկ Սարգսյանն այն նույն անձնավորությունն է, ով ամիսներ առաջ Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում տեղի ունեցած տխրահռչակ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման պահին տեղի ունեցած բախումների ժամանակ փորձել էր «զելյոնկա» լցնել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար, հիշյալ միջոցառման կազմակերպիչներից և ակտիվ ջատագովներից մեկի՝ Հասմիկ Խաչունցի վրա։ Դեպքին հաջորդած ասուլիսին Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը պայքարում է և շարունակելու է պայքարել Հայաստանում արմատավորվող ԼԳԲՏ համայնքի, վավերացվելիք Ստամբուլյան կոնվենցիայի և այլ արատավոր և հակազգային բարքերի դեմ։
Փաստորեն, իրավապահ համակարգը Նարեկ Սարգսյանի՝ սոցիալական ցանցում հչեցված և միանգամայն անընդունելի վարքագիծը համարել է «ծանր հանցագործություն», «խուլիգանություն» և հարուցել քրեական գործ, ինչն աննախադեպ է։
Փաստենք նաև, որ կարող ենք թվարկել բազմաթիվ նմանօրինակ դեպքեր, երբ նույն իրավապահ համակարգը մատնված էր տոտալ անգործության։ Դրա ամենացայտուն օրինակներից են՝ քաղաքական գործիչ Հրանտ Մարգարյանի և վերջինիս մանկահասակ թոռան վրա հրապարակային հարձակումը, նույն վայրից Արցախի նախագահի «գլուխը ցխելու» մասին արված սպառնալիք-հայտարարությունը, իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի օգնականի կողմից կառավարությանը քննադատողներին անբարոյականի զավակներ անվանելը և իշխանական ներկայացուցիչների կողմից հավանության արժանանալը, Լիճք գյուղի դպրոցի ուսուցչի կողմից մարդկանց մորթելու կոչերը և, ի վերջո, ընդդիմության ներկայացուցիչների, վերջիններիս ընտանիքների և հարազատների հասցեին արդեն երկու տարի անընդմեջ շարունակվող ամենօրյա հրապարակային հայհոյանքները, սպառնալիքներն ու կոչերը։
Ցավոք, վերոհիշյալը հիմք է տալիս հաստատելու, որ իրավապահ համակարգը պատժում է միայն նրանց, ովքեր հայհոյում են իշխանության ներկայացուցիչներին, իսկ վերոհիշյալ և բազմաթիվ այլ նույնական դեպքերի նկատմամբ ցուցաբերած տոտալ անտարբերությունը ոչ այլ ինչ է, քան նման դատապարտելի և վտանգավոր վարքագծի՝ իշխանական ամենաբարձր մակարդակով խրախուսանք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը