06 05 2020

Հայ-Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը՝ Գուրգեն Խաչատրյանի դեմ գործի մասին

Հայ-Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը՝ Գուրգեն Խաչատրյանի դեմ գործի մասին

ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը, որը գործում է 92 երկրում և 2011թ-ից ներկայացված է նաև Հայաստանում, այսօր իր անհանգստությունն է հայտնել իր գործընկերներից Ucom հեռահաղորդակցության օպերատորի և նրա տնօրենների խորհրդի նախագահի շուրջ կատարվող զարգացումներով, այդ մասին հայտարարություն տարածելով.

«Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանում իր առաքելության շրջանակներում, որն է առևտրային, գործարարական և ներդրումային մթնոլորտի բարելավումն ու զարգացումը, ուշադրությամբ է հետևում «Յուքոմ» և «Գալաքսի» ընկերությունների խմբի շուրջ ծավալվող իրադարձություններին։  

Հավատացած ենք, որ այս անցումային և բարդ շրջանում Հայաստանի Հանրապետությունում գործարարական և ներդրումային միջավայրը պիտի լինի պաշտպանված անկայունությունից, բիզնես-վստահության անկումից և անվստահության մթնոլորտից:

Այս կոնտեքստում առավել անհանգստացնող էր ՀՀ վարչապետի նորանշանակ խոսնակի ֆեյսբուքյան հայտարարությունը «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի օտարմանը կառավարության միջամտելու մտադրության և նույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:

ՀՀ Սահմանադրությամբ սահմանվում է ինչպես տնտեսական գործունեության ազատությունն ու տնտեսական մրցակցության երաշխավորումը, այնպես էլ պետության տնտեսական կարգը, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի հիման վրա:

Խորքային համոզմունք ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարման երեք մարմինները պիտի գործեն անկախ, ցանկանում ենք հավատալ, որ խոսնակի հայտարարություններում առկա դատաիրավական և գործադիր մարմինների անառողջ փոխազդեցության հնարավորության ակնարկները զուտ խոսնակի անփորձության հետևանքն են:

Իրավական պետության մեջ գործադիր իշխանությունը զերծ է մնում բաժնետերերի միջև ընթացող վեճերին միջամտելուց, դրանց վրա ազդելուց կամ ճնշումներ գործադրելուց, և մինչև դատական ակտի կայացումը խուսափում է խնդրահարույց և կասկածելի հայտարարություններից և/կամ գործողություններից, որոնք կարող են ազդեցություն ունենալ անաչառ դատական որոշման վրա և բացասական ազդել Հայաստանի Հանրապետությունում բիզնես մթնոլորտի, դրա նկատմամբ վստահության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ոլորտի գրավչության վրա:

Շարունակում ենք հետևել զարգացումներին և լիահավատ ենք, որ բոլոր կողմերը զերծ կմնան ոչ իրավաչափ և հակասահմանադրական մոտեցումից և գործողություններից:

Հարգանքով և Հայաստանի Հանրապետություն, որպես իրավական կայացած պետության տեսլականով` ՖՀԱԱՊ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ