Փաստինֆո-ն գրում է․ «Մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավորել: Այս լուրից հետո մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ սույն մաքսանենգության հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանը, որը սակայն, շտապեց հերքել այս տեղեկատվությունը:
«INFOPORT»-ի տվյալներով՝ ծխախոտն արտադրվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող արտադրամասում: Մաքսանենգ ճանապարհով ծխախոտը ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչը Խաչատուր Սուքիասյանի եղբոր խնամին է՝ քրեական հեղինակություն հանդիսացող Արամ Խռանյանը, որը հայտնի է «Արամչո» մականվամբ: Նա երկար տարիներ շարունակ ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, գտնվել ԱՄՆ բանտում: Վերջին շրջանում ռուսաստանաբնակ քրեական հեղինակությունների հետ հարաբերությունները փչացնելուց հետո նրան օգնության է հասել Խաչատուր Սուքիասյանը՝ միջնորդելով ՀՀ իշխանություններին կազմակերպել Արամ Խռանյանի վերադարձը Հայաստան: Միջնորդությունը բավարարվել է:
Երևանի ավագանու նախկին անդամի խոսքով, մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելով դրա եկամուտների մի որոշ մասը մտնում է պետական բյուջե և, ըստ օդում կախված հավաստի լուրերի, խոսքը ամսական շուրջ 15 մլն դոլարի մասին է, որը տարեկան շուրջ 150-170 մլն դոլար է կազմում:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր, որ կան բազմաթիվ հարցեր, թե այդ ինչ ծխախոտ էր, ուր էր գնում, ում գրպանն էր այդ գումարները մտնելու, դա առաջին անգամ էր, թե ոչ, ինչպես է եղել, որ արտակարգ դրության ժամանակ Հայաստանից ինքնաթիռ է թռչել և մաքսանենգ ապրանք տարել այն դեպքում, երբ արտակարգ դրության պայմաններում ինքնաթիռը կարող է դուրս գալ, երբ վարչապետը դրա մասին առնվազն գիտի: «Հետևաբար` նաև հարց է առաջանում արդյոք վարչապետն իմացել է, որ դա մաքսանենգ ծխախոտ է, թե նրան ստել են: Նաև պետք է հասկանալ, թե ինչո՞ւ սա հիմա եղավ և ինչի՞ մասին է վկայում, արդյո՞ք ռուսական իշխանություններն արդեն ուրիշ հարցեր են բարձրացնում»,-ասել էր Արմեն Բադալյանը:
Աղբյուր` Փաստինֆո
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը