168.am-ը գրում է․ «Հայտնի է, որ կորոնավիրուսային համավարակի վտանգներով պայմանավորված` ողջ աշխարհում գործի է դրվել ռիսկի խմբում գտնվող կալանավորված անձանց խափանման միջոցի փոփոխման պրակտիկան: Այդպիսի կոչ անդամ-երկրներին ուղղեցին նաև եվրոպական կառույցները:
Ապրիլի 7-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազությունը սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն:
Գլխավոր դատախազի խորհրդականը, ի պատասխան 168.am-ի հարցին, թե ովքե՞ր են այն անձինք, ում խափանման միջոցները փոխվել են, և քանի որ անձնական տվյալների պաշտպանության համատեքստում հնարավոր չէր անուններ նշել, խնդրել էինք տեղեկացնել` ի՞նչ սկզբունքներ են գործել նշված կալանավորված անձանց խափանման միջոցները փոփոխելու ժամանակ, ի՞նչ հիվանդություններ են ունեցել տվյալ անձինք, ուղեկցող ի՞նչ այլ հանգամանքների համակցություն է գործել ընտրություն կատարելիս, կարճ ասած` ինչո՞ւ է ընտրությունը կանգ առել այդ անձանց վրա, նշել էր, որ ուսումնասիրությամբ առաջնահերթորեն առանձնացվել են քննության ընթացքում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ գտնվող անձինք գտնվում են կորոնավիրուսի վարակի, հիվանդացության առումով խոցելի տարիքային խմբում, ունեն առողջական խնդիրներ, և անձինք, որոնք ունեն ծանր և/կամ քրոնիկական հիվանդություններ կամ մի քանի ծանր հիվանդությունների համակցություն, և ստացիոնար բուժում են ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Իր ֆեյսբուքյան էջում, սակայն, նա գրել էր, որ դատախազության նախաձեռնության շրջանակներն ընդգրկում են ոչ միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ստացիոնար բուժում ստացող, այլև այլ ՔԿՀ-ներում պահվող կալանավորված անձանց:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տևական ժամանակ ահազանգում է այն մասին, որ վերջինս գտնվում է տարիքային ռիսկի խմբում, ունի համակցված հիվանդություններ և ենթակա է խափանման միջոցի պարտադիր փոփոխության, այնինչ անգամ անձնական երաշխավորության հարցով դատական նիստն արդեն շուրջ 2 ամիս տեղի չի ունենում:
Ի դեպ, շատ դատավորներ այս օրերին իրենք են իրենց նախաձեռնությամբ դատական նիստեր հրավիրում ու քննում խափանման միջոցի փոփոխության հարցեր:
Սույն թվականի ապրիլի 25-ին հրապարակվեց տեղեկատվություն, համաձայն որի` «Հայաստանի ՔԿՀ-ներում ներկայումս պահվում է ռիսկային խմբում՝ 60 տարեկանից բարձր տարիք և համակցված հիվանդություններ ունեցող թվով 13 կալանավորված անձ։ Այս մասին news.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից»:
Հաշվի առնելով սույն հարցի նկատմամբ հանրային տեղեկացվածության պահանջը, ինչպես նաև ավելի մանրամասն տեղեկություն տրամադրելու անհրաժեշտությունը, 168.am-ը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն (ՔԿԾ) գրավոր հարցում ուղարկեց` խնդրելով պատասխանել ստորև ներկայացվող հարցադրումներին`
1. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում քանի՞ կալանավորված անձ է պահվում, որոնց տարիքը բարձր է 65 տարեկանից:
2. Նշված անձանցից քանի՞սն ունեն համակցված հիվանդություններ կամ առողջական խնդիրներ` կալանավորման ժամանակահատվածում արձանագրված:
Ի պատասխան մեր հարցի` ՔԿԾ-ից տեղեկացրել էին, որ ապրիլի 27-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվում են 65 և ավելի տարիք ունեցող 8 կալանավորված անձինք:
Երկրորդ հարցի պատասխանը ստանալու համար մեզ խորհուրդ էին տվել դիմել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին: Այնտեղից էլ մեզ տեղեկացրեցին, որ նշված 8 անձանցից միայն 3-ն ունեն համակցված հիվանդություններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը