Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը արդեն 10 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո բավարարեց Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը: Դատարանի որոշման հիմքում դրվել է վարույթն իրականացնող մարմնի այն մտահոգությունը, թե ազատության մեջ լինելու պայմաններում Կարեն Խաչատրյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների վրա:
Հարց է առաջանում. ԱԱԾ արհեստավարժ քննչական մարմինն ու դատարանը հավատում են արդյոք իրենց իսկ կողմից արված այն պնդմանը, որ Կարեն Խաչատրյանը 2020 թվականի հունվարի 22-ից շուրջ մեկ ամիս գրավի կիրառմամբ գտնվել է ազատության մեջ և այդ ողջ ժամանակահատվածում նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի նախաձեռնվել:
Եթե այդպիսի չակերտավոր հավանականություն կար, ապա ինչն էր խոչընդոտում վարույթն իրականացնող մարմնին սեղմ ժամկետում գործողություններ կատարել, չէ որ Կարեն Խաչատրյանն ազատության մեջ էր և ինչպես իրենք են «մտահոգվում» կարող էր ազդել այդ անձանց վրա:
Իրողությունները ցույց են տալիս, որ բերված պատճառաբանությունները չեն հաղթահարում պարզունակ վարկած լինելու շեմը, սակայն ինչպես կրկին ականատես եղանք այսօր, Կարեն Խաչատրյանին պետք է շարունակաբար պահել պատանդի կարգավիճակում:
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը առաջին իսկ օրվանից ընդգծում է, որ այս գործով կարմիր թելը նրա ազգանունն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը