Փաստինֆո-ն գրում է․ ««Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Մեր տեղեկություններով՝ կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:
Արձանագրենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. ապրիլի 14-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 53 միավորով:
Չնայած այդ հանգամանքին՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ են եղել 2018թ օգոստոսին կայացված դատական ակտից հետո, որով արձանագրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել և վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։ Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով- որ բացակայում է հիմնավոր կասկածը։
Արձանագրենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին տեղեկատվությունն Արդարադատության նախարարությունը դեռևս չի մեկնաբանում: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ԱՆ-ից ասացին, որ Դատական օրենսգիրքն արգելում է կարգապահականի վերաբերյալ տեղեկության տրամադրումը և Արդարադատության նախարարությունը նման տեղեկություն տրամադրելու իրավասություն չունի: «Փաստինֆո»-ին ԲԴԽ-ից հայտնեցին, որ նման գրություն չեն ստացել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը