13 04 2020

«Փաստինֆո»-ի դեմ վարույթ է հարուցվել․ այն չի կարող իրավաչափ լինել․ Սոնա Տռուզյան

«Փաստինֆո»-ի դեմ վարույթ է հարուցվել․ այն չի կարող իրավաչափ լինել․ Սոնա Տռուզյան

Ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել «Փաստինֆո»-ի նկատմամբ՝ այլ լրատվամիջոցի՝ Մարտունու ԲԿ-ի հիվանդի մոտ կորոնավիրուսի առկայության վերաբերյալ տեղեկատվությունն արտատպելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Փաստինֆո» կայքի հիմնադիր Սոնա Տռուզյանը։

«Ընդգծում եմ՝ նյութը «Փաստինֆո»-ում հրապարակելիս հենց վերնագրում եղել է հղումը։ Այն հեռացնելու պահանջ պարետատնից չի ներկայացվել, չի ուղարկվել ոչ հերքում, ոչ պարզաբանում։ Ավելին՝ «Փաստինֆո»-ն անմիջապես թեմայի վերաբերյալ խոսել է Մարտունու ԲԿ-ի ու համայնքի ղեկավարի հետ ու նրանց վրա հղմամբ պատրաստել հեղինակային նյութ ու տարածել», գրել է Ս․Տրուզյանը եւ մեջբերել Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության մարտի 16-ի որոշման մեջ մարտի 25-ին կատարված փոփոխությունը, ըստ որի՝

«24. Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն որոշման 23-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց/հրապարակվելուց հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-երը պետք է ապահովեն վերջինիս տարածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ»։

Կայքի հիմնադիրը հիշեցնում է, որ  նման պահանջ չի ներկայացվել եւ «ակնհայտ է, որ վարչական վարույթը հարուցվել է արտակարգ դրության մասին կառավարության որոշմամբ ամրագրված դրույթների խախտմամբ, ինչը չի կարող իրավաչափ նպատակ հետապնդել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ