Փաստինֆո-ն գրում է․ «Եթե պարզվի, որ իսկապես խոսքը գնում է քթի պլաստիկ վիրահատության մասին, որն էլ իր հերթին չի եղել անհետաձգելի, ապա դա կհեղինակազրկի ամբողջ դատական իշխանությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի քթի պլաստիկ վիրահատության մասին տեղեկատվությանը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում պատասխանատու է դատավորը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը և ԲԴԽ-ն:
«Որոշ դեպքեր եղել են, որ դատավորների կողմից, օրինակ՝ ինքնաբացարկի որոշում է կայացվել՝ հենց Ռոբերտ Քոչարյանի գործով, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը չի հապաղել նշվածը դիտարկել որպես կարգապահական պատասխանատվության հիմք, մասնավորապես՝ դատական իշխանության հեղինակազրկման տեսնակյունից: ԲԴԽ-ն էլ ընդունել է որոշումներ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին»,- շեշտեց Վարդևանյանը:
Նրա դիտարկմամբ` այս ժամանակահատվածում հարյուրավոր դատավորներ ներկայացել են աշխատանքի՝ նույնիսկ դիմակներով՝ իրենց պարտականությունները կատարելու համար և քրեական գործերով տասնյակ դատավորներ սեփական նախաձեռնությամբ նիստեր են գումարել և վերանայել են կալանավորման հարցերը, որովհետև մենք գտնվում ենք համաճարակի միջավայրում և տրամաբանական է, որ առավել պատասխանատու և բարեխիղճ մոտեցումը կենթադրեր նույնիսկ անաշխատունակության վաղաժամ դադարեցում՝ վարույթում գտնվող քրեական գործերով կալանավորման հարցերի վերանայման նպատակով:
«Դա է ընտրված մասնագիտության և պաշտոնի առաքելությունը և պարտականությունը: Ունենք լրիվ հակառակ պատկեր: Ունենք մարտի 13-ի դրությամբ կորոնավիրուսի վարակի մի շարք դեպքեր և արդեն այդ ժամանակ էր խոսվում արտակարգ դրության հնարավոր անհրաժեշտության մասին, ունենք մարտի 16-ին ընդունված արտակարգ դրության վերաբերյալ որոշում, ունենք մարտի 13-ին մեզ հայտնած տեղեկատվություն, որ նիստը կայանալու է, ունենք մարտի 16-ին ՝ հակառակի մասին մեզ ոչ մի տեղեկության տրամադրում և միայն մարտի 17-ին մեզ հայտնել են, որ նիստը չի կայանալու: Այնուհետև՝ այս ողջ ժամանակահատվածում մենք փորձել ենք տեղեկություն ստանալ, թե որտեղ է տիկին Դանիբեկյանը, ինչու չի ներկայանում, ինչու մեր անհետաձգելի քննության ենթակա միջնորդությունը քննության չի առնում:Միայն այսօր, երբ համացանցում հայտնվեց տեղեկություն քթի վիրահատության վերաբերյալ, մենք ստացանք հաղորդագրություն, որ ապրիլի 17-ին հնարավոր է տիկին Դանիբեկյանը վերադառնա աշխատանքի»,- ասաց Վարդևանյանը:
Նա ընդգծեց, որ, եթե իսկապես հաստատվեն վերոնշյալ հարցադրումները, կլինի ծաղր մարդու իրավունքների նկատմամբ:
«Մենք խոսում ենք, որ կորոնավիրուսային վարակը խոցելի խմբում գտնվող անձանց նկատմամբ կյանքի և առողջության սպառնալիք է, մենք ինքնամեկուսացման ռեժիմում ենք՝ պարետի որոշմամբ, մենք ունենք Դատախազության հաղորդագրություն և գործողություններ են ձեռնարկվում՝ խոցելի խմբում գտնվող անձանց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ և զուգահեռաբար ունենում ենք դատավոր, ով չի ներկայանում աշխատանքի այն պարագայում, երբ խոսքը չի գնում այնպիսի առողջական խնդիրների մասին, որը կյանքի սպառնալիք է հանդիսանում, բայց մյուս նժարի վրա կա այդ ռիսկը»,- նշեց Վարդևանյանը:
Դիտարկմանը, որ անաշխատունակության թերթիկ դատավոր Դանիբեկյանը ներկայացրել է մարտի 13-ին, իսկ պաշտպանները խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն ներկայացրել են մարտի 16-ին և հնարավոր է, որ այդ ընթացքում հետվիրաատական բարդություններ լինեն, բացի այդ՝ դատավորը գուցե տեղեկացված չի եղել միջնորդությունը ներկայացնելու մասին, պաշտպանը նշեց, որ նախ և առաջ պետք է պարզել՝ ինչպես է ստացվում, որ մարտի 13-ին ժամը 17:50-ին հայտնում են, որ մարտի 17-ին նշանակված դատական նիստը կայանալու է:
«Առնվազն ոչ մի տեղեկատվություն չի ներկայացվել, որ տիկին Դանիբեկյանը գտնվել է ստացիոնար բուժման մեջ: Ավելին՝ երբ վերջին անգամ տինին Դանիբեկյանը մասնակցել է դատական նիստին, Ռոբերտ Քոչարյանը գտնվել է բժշկական կենտրոնում և դատական նիստի ժամանակ տիկին Դանիբեկյանը հրապարակեց բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություն Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ, այսինքն՝ նա շատ լավ տեղակ էր, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ այդ պահին ինչ առողջական խնդիր էր արձանագրվել: Կարծում եմ՝ դատավորները ծանոթանում են և՛ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցին, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցին, որտեղ ներկայացվում են խոցելի խմբի հետ կապված հանգամանքները և կարող էր նկատել, թե Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակն իրենից ինչ է ենթադրում, որ առնվազն չի կարող կալանավորումը կիրառվել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի հնարավոր ռիսկերը: Կարծում եմ՝ տիկին Դանիբեկյանը միգուցե նկատել է ԶԼՄ-ներից, որ «Վարդաշեն» ՔԿՀ հինգ ծառայող վարակվել են այդ հիվանդությամբ և հետևաբար շատ բարձր է ռիսկը, որ այն կարող է թափանցել ՔԿՀ»,- ասաց Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ դատավորը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր կալանավորված անձի կյանքի և առողջության համար, քանի որ կալանավորման որոշումն ինքն է կայացնում:
«Այդ պայմաններում չներկայանալ աշխատանքի, հիմա էլ հաղորդագրություն է տարածվում, որ ապրիլի 17-ին է հնարավոր, որ ներկայանա: Ինչու ոչ հիմա: Այսինքն` կա՞ բժշկական ցուցում, որ արգելում է հիմա ներկայանալ աշխատանքի, երեկ ներկայանար աշխատանքի: Ես գտնում եմ, որ առնվազն այս հանգամանքները պետք է դիտարկվեն ոչ միայն իրավական տեսանկյունից, այլև՝ դատավորի պաշտոնի առաքելության, մոտեցման, վերաբերմունքի տեսանկյունից, պատասխանատվության և բարեխղճության տեսանկյունից»,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը պետք է րոպե շուտ քննության առարկա դառնար:
Բացի այդ՝ Վարդևանյանը գտնում է, որ կարևոր կլինի պարզել՝ արդյո՞ք հատուկ վերաբերմունքի առկայություն կա, թե ոչ, որովհետև զարմանալի էր, թե ինչպես եղավ, որ այդ օրերի ընթացքում որևէ տեղեկատվություն չի տրամադրվել:
«Եթե պարզվի, որ խոսքը գնում է քթի վիրահատության մասին, ճիշտ էր ասում պարոն Վարդազարյանը՝ վայրկյաններում ճշտելու հարց էր, բայց այս պարագայում էլ մինչ օրս որևէ տեղեկատվություն չի տրամադրվել: Միայն այսօր տարածվեց հաղորդագրությունը, որ ապրիլի 17-ին հուսանք կվերադառնա աշխատանքի»,- նշեց փաստաբանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը