ՀՀ հաշվեքննիչ պալատից և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, օդանավի վարձակալության համար գումարներ հատկացնելու, իսկ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով խախտումներով գնումների գործընթաց կազմակերպելու, անհիմն վարձակալության գներ սահմանելու, օդանավի վարձակալության անհիմն ծախսեր կատարելու հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Երկրորդ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ Կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու դեպքի առթիվ: Երկու քրեական գործով իրականացվում են դեպքերի լիարժեք բացահայտմանն ուղղված ակտիվ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ, որոնց շրջանակներում միջոցներ են ձեռնակվում ստուգելու նաև այլ երկրների տարածքում հայկական ավիափոխադրողների կողմից ապօրինի գործընթացներում ներգրավված լինելու հնարավոր հանգամանքները:
Հիշեցնենք, որ Yerevan.Today-ն անդրադարձել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի հետ կապված վարչապետի վերջին հայտարարությանը և կոմիտեի շուրջ ձևավորված խնդրահարույց իրավիճակին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը