06 04 2020

Պետությունն ունի մարդկանց առողջությունը պահպանելու պարտավորություն. փաստաբան․ News.am

Պետությունն ունի մարդկանց առողջությունը պահպանելու պարտավորություն. փաստաբան․ News.am

News.am-ը գրում է․ «Այն անձանց, ովքեր հատկապես բավականին տևական ժամանակ են նախնական կալանքի տակ գտնվել, եւ հնարավոր է նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել, նրանց կողմից քննությանը միջամտելու, քննությունից թաքնվելու վտանգի մասին ենթադրությունները հիմնված չեն կոնկրետ փաստերի վրա, այս պարագաներում ես կարծում եմ, որ պետք է որոշակի վերանայումներ տեղի ունենան։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով նրան, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում տարբեր երկրների պրակտիկայում արդեն սկսել են էական քայլեր ձեռնարկել կալանքի ներքո գտնվող անձանց, նաև դատապարտված անձանց առանձին խմբերի ազատ արձակելու ուղղությամբ, իսկ մեր երկրում ընդհանուր քաղաքականություն այս ուղղությամբ չի իրականացվում։ 

«Ես կարծում եմ, որ փորձեր կան այդ խնդիրը կարգավորելու, բայց փորձերը լոկալ են եւ կոնկրետ մի քանի դատավորով են սահմանափակվում։ Այսօր կա նման գործընթաց, մի քանի դատավորների անուններ են հնչում, որոնք որոշումներ են կայացնում, բայց ես կարծում եմ, որ, իհարկե, ավելի լայն ծավալներ սա պետք է ընդգրկի։ Բայց, ցավոք սրտի, Հայաստանում մենք ունենք նաեւ հակառակի վտանգը, որ թացը չորի հետ խառնելու խնդիր կարող է առաջանալ եւ հանկարծ ազատության մեջ հայտնվեն նաեւ «Ալավերդցի Վահագի» տիպի մարդիկ, որոնք որեւէ պարագայում ազատության մեջ գտնվելու իրավունք չունեն։ Մարդիկ, որոնք թե՛ նախաքննության ժամանակ, թե՛ դատական քննության ժամանակ ուղղակի ազդեցություն են ունեցել դատաքննության մասնակիցների վրա, ցուցմունքներ են թելադրել, պարտադրել են, որպեսզի դատավարության մասնակիցներն այս կամ այն ցուցմունքից հրաժարվեն եւ այլն։ Կարծում եմ, որ մենք պիտի լուծում տանք խնդրին, բայց այդ լուծումը չպիտի լինի նմանատիպ անձանց ազատություն ապահովելու գնով»,– ասաց նա։ 

Նրա խոսքով՝ պետությունն ունի պարտավորություններ, այդ թվում՝ մարդկանց առողջությունը պահպանելու։

«Երբ անձը գտնվում է անազատության մեջ պահելու վայրում, նրա առողջության համար պատասխանատուն դառնում է պետությունը։ Ուրեմն առաջինը պետությունը պետք է ձեռնարկի համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ, որպիսի անազատության մեջ գտնող անձանց առողջությունը չվտանգվի։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է վերանայել անձանց խափանման միջոցը, այն պետք է վերանայվի եւ նրանց պետք է ազատ արձակեն։ Եթե չկան նրանց կողմից քննությանը խոչընդոտելու մասին ակնհայտ աղաղակող փաստեր, եթե նրանց հիմնավոր կերպով չի վերագրվում առանձնապես ծանր հանցագործության կատարում՝ այն էլ բռնության զուգորդմամբ, այս պարագաներում ես կարծում եմ, որ յուրաքանչյուրի դեպքում վերանայումը տեղին է»։ 

Հարցին, թե ինչ հիմքով, այնուամենայնիվ, դատարանն ազատ արձակեց Վահագն Աբգարյանին («Ալավերդցի Վահագին»), փաստաբանը պատասխանեց. «Դեռ որոշումը չենք ստացել, որպեսզի ծանոթանանք, բայց առկա փաստերի պարագայում դատարանը չի կարող պատճառաբանված որոշում կայացնել։ Դատարանի որեւէ պատճառաբանություն չի կարող ընդունելի լինել։ Այն որ նախաքննության ժամանակ Վահագն Աբգարյանը միջամտել էր քրեական գործին, վկաների էր սովորեցրել, համակարգել էր նախաքննությունը՝ նաեւ նյութապես շահագրգռելով նախաքննական մարմնին, դա փաստ է, եւ մենք դա գիտեինք, բայց այս միջնորդության քննարկման ժամանակ դատախազը, առարկություն ներկայացնելով գրավի միջնորդության դեմ, ներկացրեց նաեւ դատարանում հարցաքննված եւ իր նախաքննական ցուցմունքներից հրաժարված վկայի նոր ցուցմունքները այն մասին, թե ինչպես են նրան անցած տարի աշնանը գտել Ռուսաստանում, տարբեր քաղաքներում հանդիպումներ կազմակերպել իր հետ։

Այդ անձը տվել էր անձանց անուններ, ովքեր իրեն «մշակել» են, ովքեր մասնակցել են այդ պրոցեսին, ներկայացրել է հեռախոսահամարներ, ինչպես են իր հետ կապվել, ոնց են համոզել, ոնց են հասցրել Հայաստան, բերել դատարան, որպեսզի նա նախաքննական ցուցմունքներից հրաժարվի։ Այս աղաղակող փաստի պայմաններում անձի նկատմամբ գրավ կիրառելը թույլատրելի չէ որեւէ պարագայում։ Ավելին, եթե Վահագն Աբգարյանը առանձնապես ծանր հանցագործության մեջ՝ անձի սպանություն պատվիրելու մեջ, կաշառք տալու մեջ, ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող անձը, ով նման կերպ խոչընդոտում է քննությանը նաեւ դատարանում, հայտնվում է ազատության մեջ, ապա ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանի որեւէ երկրում որեւէ մի կալանավոր չպետք է լինի կալանավայրերում։ Իսկ դա աբսուրդ է եւ բնականաբար, նման բան լինել չի կարող։ Այն դեպքերում, երբ հիմքերը նման են այս գործին եւ ակնհայտ է խոչընդոտելը ամբաստանյալի կողմի,եւ առավել եւս, երբ վերագրվում է նման հանցագործություն, նման պարագայում գրավի մասին խոսելն ավելորդ է։ Ես կարծում եմ, որ Լոռու մարզի դատավորի կողմից կայացված այդ ապօրինի որոշումը նաեւ իր բացասական հետեւանքն է ունենալու այլ կալանավորների դեպքում։ Նման որոշման դեպքում այլ դատավորները շատ ավելի զգույշ են լինելու այն անձանց նկատմամբ որոշումներ կայացնելիս, ում նկատմամբ իրոք կարելի էր այլընտրանքային խափանման միջոց կիրառել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ