Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրությամբ դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ջանքերը մեկտեղելու եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«ՔԿՀ-ներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, կարեւորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման ուղղությամբ պետության ստանձնած պարտավորությունները, ապրիլի 2-ին գրությամբ դիմեցի մեր իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում մեր ջանքերը մեկտեղելու եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով:
Եվ ահա այսօր, Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ ուսումնասիրությունների, վարակման եւ հիվանդացության տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող անձանց վերաբերող գործերը հիմնականում դատարանների վարույթում են՝ մեղադրող դատախազները դրանցով հանդես կգան հրատապության կարգով դատական նիստեր անցկացնելու հարցով դատարաններին դիմելու եւ այդ անձանց նկատմամբ ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցներով փոխարինելու հարցը քննարկելու նախաձեռնություններով՝ ներկայացնելով համապատասխան միջնորդություններ:
Վերջին շրջանում իրավապաշտպանների կողմից շատ է քննարկվում համաներման գործընթաց սկսելու անհրաժեշտության հարցը՝ հիմնականում նշելով Իտալիայի ու Իրանի օրինակները։ Այդ առումով տեղեկացնեմ, որ ներկայում Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2 հազար 258 անձ, որը կազմում է ՔԿՀ ողջ լրակազմի ընդամենը 42.2 %-ը։ Իտալիայի քրեակատարողական հիմնարկներն ունեն 50 հազար 931 լրակազմ, սակայն դրանցում պահվում է 61 հազար 230 մարդ։ Իրանի բանտերում լրակազմը, ըստ 2018 թվականն ամփոփող պաշտոնական տվյալների, կազմում է 150 հազար, մինչդեռ, դրանցում պահվել է 240 հազար անձ։ ԵԽ քրեական տարեկան վիճակագրության խտության ինդեքսով ստացվում է, որ իտալական բանտերում բնակչության խտությունը կազմում է 120 %, իսկ Իրանում՝ 160 %: Այս պատճառով են նշված երկրները նախաձեռնել համաներման գործընթաց։ Նշածիցս երեւում է, որ այս չափանիշով Հայաստանի իրավիճակը խնդրահարույց չէ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը