Փաստինֆո-ն գրում է․ «Անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները պետք է վերանայվեն և փոխարինվեն անազատության մեջ պահելու հետ կապ չունեցող խափանման միջոցներով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը:
Նրա խոսքով՝ մի քանի դատարաններ արդեն լայնորեն կիրառում են ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարականը՝ իրենց նախաձեռնությամբ:
«Օրինակ՝ Ավան եւ Նոր նորք վարչական շրջանների նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանն իր իսկ նախաձեռնությամբ վերանայել էր իր վարույթում գտնվող քրեական գործերով ամբաստանյալների խափանման միջոցները և իր իսկ նախաձեռնությամբ փոխարինել գրավով: Արման Հովհաննիսյանը, նույն դատարանի դատավոր, վերջերս հենց երեք քրեական գործերով կրկին խափանման միջոցները փոխարինեց գրավով՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակը և դրա կանխարգելման անհրաժեշտությունը»,- ասաց Ֆանյանը:
Նրա խոսքով՝ ՔԿՀ-ների գերբեռնվածությունը, դատապարտյալների, կալանավորների միջև շփումը և նրանց՝ դատական նիստերին ներկայանալն ավելի է մեծացնում հիվանդությամբ վարակվելու վտանգը:
Փաստաբանը գտնում է, որ պետք է վերանայվեն նաև դատապարտյալների պատիժները, թեև չի բացառում, որ ՔԿՀ-ներում իրականացվում են անհրաժեշտ սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը և այլն: Նրա խոսքով՝ ԵԽ հանձնարարականում լայնորեն անդրադարձ է կատարվել նաև կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուն, մասնավորապես՝ ինչ պարտականություններ ունի պետությունն՝ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ՝ կարանտինի մեջ գտնվելու ժամանակ արժանապատիվ պայմաններ ապահովելու, շփումների նվազեցման գործում: Բացի այդ՝ Ֆանյանն ընդգծեց, որ անազատության մեջ գտնվող անձանց զգալի մասը տառապում է խրոնիկ հիվանդություններով և անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու, թե արդյո՞ք նրանց մոտ ռիսկային այնպիսի հիվանդություններ չկան, որոնք կարող են բարձրացնել կորոնավիրուս տիպի հիվանդությամբ վարակվելու հավանականությունը:
Դիտարկմանը, որ հիմնականում հետաձգվում են դատական նիստերը և չեն քննարկվում հենց խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները, Ֆանյանը պատասխանեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններն իրենց վարույթում գտնվող կալանավորական բոլոր գործերով ներկայացրել են համապատասխան միջնորդություններ, որպեսզի վերանայվեն այդ անձանց խափանման միջոցները:
«Իմ կարծիքով դատարանները պետք է վերանայման նախաձեռնությունը վերցնեն իրենց վրա, որովհետև կան ամբաստանյալներ, որոնք չունեն պաշտպաններ և իրավագիտակցության ցածր մակարդակ ունեն, չեն պատկերացնում, որ այս փուլում կրկին միջնորդություն ներկայացնեն՝ խնդրելով, որ դատարանը փոխարինի խափանման միջոցը: Դատական նիստերի հետաձգումն էլ այն գործոններից մեկն է, որը պետք է ստիպի հենց պետությանը վերանայել այդ անձանց խափանման միջոցները, քանի որ այդ անձինք այս պահին ժամանակային անորոշության մեջ են: Քրեական գործերի քննության ողջամիտ ժամկետների մասին խոսք լինել անգամ չի կարող, որովհետև մենք չգիտենք, թե այդ իրավիճակն ինչքան կարող է տևել: Պետությունն այդ պատասխանատվությունը պետք է վերցնի իր վրա, քանի որ հենց ինքն է Կոնվենցիայով ստանձնել այդ պարտականությունները: Կարծում եմ՝ պետք չէ սպասել պաշտպանների կամ ամբաստանյալների միջնորդություններին, դատարանները պետք է իրենց նախաձեռնությամբ վերանայեն խափանման միջոցները՝ հնարավորության դեպքում փոխարինելով այն»,- ասաց Ֆանյանը:
Անդրադառնալով՝ ԲԴԽ-ի նախաձեռնությանը, որի համաձայն դատական նիստերը կարող են կայանալ հեռահաղորդակցության միջոցներով, Ֆանյանն ասաց, որ նախաձեռնությունը դրական է, բայց այն գործուն կարող է աշխատել քաղաքացիական և վարչական դատավարություններում, իսկ քրեական դատավարության ոլորտում դժվար է պատկերացնում հեռահաղորդակցության միջոցներով դատավարության անցկացումը:
«Քրեական դատավարության օրենսդրությունը նման հնարավորություն այս պահին չի ընձեռում մեզ, դատավարության կողմերը պետք է ներկա գտնվեն դատական նիստին, ուստի՝ քրեական արդարադատության բնագավառում չեմ պատկերացնում տեխնիկապես և օրենսդրորեն այդ մեխանիզմը, բայց դատական նիստերին, օրինակ՝ կալանավորական նիստերին կալանավորներին ներկայացնելը վտանգավոր է առաջին հերթին հենց կալանավորների համար: Գիտենք, որ շատ գործեր կան, որոնցով կալանավորները բերվում են, դատական նիստեր են գումարվում, որոնք էլ ավելի են մեծացնում այդ ռիսկերը»,- ասաց Ֆանյանը՝ նշելով, որ որևէ երաշխիք չկա, որ ՔԿՀ-ներում նախնական կալանքի տակ գտնվող անձանց շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն լինի:
Նշենք, որ արդարադատության նախարարությունն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի Պահպանության բաժնի աշխատակցի մոտ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը