27 03 2020

Անձինք, ովքեր քննությունից չեն թաքնվում, կարելի է կալանքից ազատվել․ փաստաբան

Անձինք, ովքեր քննությունից չեն թաքնվում,  կարելի է կալանքից ազատվել․ փաստաբան

Չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակում պետությունը կարող է կալանավորներին ինչ-որ որոշմամբ տուն ուղարկել: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ շարունակելով. «Յուրաքանչյուրի գործը պետք է անհատապես դիտարկել, ուրիշ բան, որ այդ առումով որոշակի քաղաքականություն կարելի է փոխել քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար: Բայց դա պետք է վերաբերի այն անձանց, ում պարագայում, օրինակ, ակնհայտ չէ քննությունը խոչընդոտելու կամ քննությունից թաքնվելու վտանգները: Այն դեպքերում, երբ խոսքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց մասին է, ովքեր ակնհայտ է թեկուզ, որ արդեն խոչընդոտել են գործին և այլն, այս պարագայում, իհարկե, ես չեմ կարծում, որ սա մեթոդ է, որը կարելի է կիրառել: Եվ ես չեմ հավատում, որ ԱՄՆ-ում, Իրանում կամ աշխարհի որևէ երկրում անձին, ում կալանքից ազատելը կհանգեցնի արդարադատության իրականացման խոչընդոտմանը, ազատ կարձակեն»:

Փաստաբանի խոսքով, այս պարագայում կարևոր էլ չէ մեղադրանքն ակնհայտ է, թե ոչ, կարևոր է այն, թե ինչի մեջ է մեղադրվում. «Օրինակ, չենք կարող սպանությունը կամ յուրացումը դիտարկել մեկ հարթության մեջ, սա կարևոր նշանակություն ունի անձնի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար: Եթե անձը չի մեղադրվում բռնությամբ հանցագործություն կատարելու մեջ, եթե գործում առկա չեն ուղիղ փաստական հանգամանքներ, որոնք վկայում են, որ փորձ է կատարել խոչընդոտելու, թաքնվելու և այլն, այս բոլոր պարագաներում, իհարկե, ճիշտ կլինի վերանայել: Բայց շատ կարևոր է հանկարծ այնպես չստացվի, որ իշխանությունները փորձեն այս ուղղությամբ ինչ-որ բան անել և ազատության մեջ հայտնվեն մարդիկ, ովքեր չպետք է հայտնվեին և անազատության մեջ շարունակեն մնալ անձիք, ովքեր պետք է ազատվեին»:

Երվանդ Վարոսյանը նաև ընդգծում է, որ այս մասով անելիքը ոչ թե կառավարությանն է, այլ դատախազությանը. «Այս առումով կարծում եմ, որ ինչ քայլեր ձեռնարկվեն կամ ինչ քաղաքականություն փոխվի, պետք է արվի դատախազության միջոցով: Այսինքն, դատախազները պետք է դիրքորոշումը փոխեն դատարաններում, օրինակ այս կամ այն անձանց ազատ արձակելու հարցում: Եթե ակնհայտ չէ, և գործ ունենք միայն ենթադրությունների կամ կասկածների մասին անձի կողմից թաքնվելու կամ խոչընդոտելու, այս պարագայում ճիշտ կլինի, որ դատախազությունը քաղաքականությունը որոշակիորեն փոխի»:

Իսկ հարցին՝ հնարավո՞ր է, որ ստեղծված իրավիճակում այս անգամ էլ դատախազության որոշումն ուշացած լինի, ինչպես, օրինակ, որոշ դեպքերում կառավարության քայլերը, փաստաբան Վարոսյանն ասաց. «Չեմ բացառում, թեև ասեմ, որ չեմ կարող ասել, թե քայլեր չեն արվում: Դատական նիստերը հետաձգվում են, կարծես թե ամսի 31-ից հետո էլ տեղի են ունենալու պրոցեսներ, և այդ ժամանակ կերևա՝ այս առումով կա՞ որոշակի քաղաքականություն, թե՞ ոչ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ