Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
.«Մագիստրանտների հետ, կարծում եմ, արդիական հարցեր ենք քննարկել. արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունն ԻՆՔՆԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ ՀԱՄԱՐՎԵԼ և համատարած կիրառվել բոլոր պարտապանների, այդ թվում՝ իրավիճակի բացահայտ չարաշահմամբ տասնապատիկ անգամ իրենց ապրանքի կամ ծառայությունների գները բարձրացրած և գերշահույթ ստացած կազմակերպությունների նկատմամբ (այդպիսիք, օրինակ իրենց վարկերը կարող են ժամկետից շուտ էլ մարել)։
Մյուս կողմից, տեսադաշտից ընդհանրապես դուրս են մնում իրավիճակի ամբողջական գնահատականի վրա անմիջականորեն ազդեցություն ունեցող այնպիսի կարևոր հարցադրումներ, որոնք փոխկապակցվում են արդեն ոչ միայն օբյեկտիվ իրավիճակի, այլև զուտ վարչարարության հետ։ Մասնավորապես, բուն արտակարգ իրավիճակը կարող է բազում դեպքերում անմիջականորեն խոչընդոտ չհանդիսանալ պարտավորությունների կատարման համար, սակայն դրա առնչությամբ վարչարարության, այդ թվում՝ իրավաչափ վարչարարության արդյունքում կարող է բացառվել պարտավորությունների կատարումը։
Նկատենք, որ եթե իրավաչափ վարչարարության դեպքում վնասի հատուցում հնարավոր է միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում (մասնավորապես՝ արտակարգ դրության դեպքում դա վերաբերում է միայն սեփանատիրոջ գույքն օգտագործելու արդյունքում պատճառված վնասին), ապա ոչ իրավաչափ վարչարարության պարագայում վնասն անվերապահորեն ենթակա է հատուցման, ընդ որում, ներառվում են նաև բաց թողնված օգուտները, բացառությամբ՝ անձի մահվան, ոչ գույքային վնասի, ինչպես նաև հետադարձ պահանջի։ Ասվածի համատեքստում ընդգծվում է այս հիրավի բարդ ու պատասխանատու իրավիճակում այնպիսի որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը, որոնք ոչ միայն պայմանավորված կլինեն «պահի թելադրանքով», այլև խոցելի չեն լինի իրավաչափության տեսանկյունից, մասնավորապես կկիրառվեն այնպիսի սահմանափակումներ և այնպիսի ընթացակարգերով, որոնք ճշգրիտ կհամապատասխանեն որոշմամբ նախատեսված հիմքերին. առայժմ ձեռնպահ կմնամ գնահատականներից ...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը