ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցադիմումը դատարան մուտք է եղել մարտի 18-ին և նույն օրը մակագրվել Սուքոյանին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արամ Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը:
Դատական հայցի պատճառ է դարձել Փաշինյանի հայտարարությունը: Մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արամ Օրբելյանը, ով հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը «էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով։ Այնուհետև հայտարարել է, թե «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»:
Նշենք, որ դեռևս 2020թ. հունվարի 30-ին հանրային հեռուստատեսության «Լուրերի գլխավոր թողարկման» ընթացքում նմանատիպ (բայց ոչ նույնական) պնդումներով հաղորդում էր հեռարձակվել, ինչի առնչությամբ փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու և վնասի հատուցման պահանջով դիմել էր դատարան։ Արամ Օրբելյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ԱԱԾ-ի և Հանրային հեռուստաընկերության՝ զրպարտության համար։ Օրբելյանը դատարան է դիմել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և զրպարտությամբ պատճառված վնասը փախհատուցելու պահանջով։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել մարտի 3-ին և նույն օրը մակագրվել է դատավոր Նաիրա Ավետիսյանին, սակայն դատարանը մարտի 17-ին ետ է վերադրաձրել Արամ Օրբելյանի ներկայացրած առաջին հայցադիմումը՝ պատճառաբանելով որ հայցադիմումում բացակայել է Արամ Օրբելյանի ներկայացուցչի հասցեն, այսինքն՝ հայցադիմումը թերի է եղել: Մարտի 18-ին Արամ Օրբելյանը ներկայացրել է երկրորդ հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի և Հանրային հեռուստաընկերության, որը կրկին մակագրվել է դատավոր Նաիրա Ավետիսյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը