2020 թ. մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքի շարային հրապարակում ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ անցկացվեց Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության, պահպանության ապահովման, ուղեկցումների, հերթապահության և հատուկ նշանակության բաժիններում ծառայություն իրականացնողների արտաքին տեսքի և նոր համազգեստի կրման կարգի ստուգատես, ինչպես նաև ցուցադրական վարժանք հատուկ նշանակության ստորաբաժանման կատարմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Ստուգատեսի ընթացքում մասնակից ստորաբաժանումների կողմից ներկայացվեցին համապատասխան զեկուցումներ, շարային պատրաստվածությանը բնորոշ հնարքներ:
Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի, տեղակալներ, արդարադատության գնդապետներ Վահե Պապոյանի, Վարդգես Ծաղիկյանի և Ռոբերտ Մինասյանի ուղեկցությամբ, անցավ ստուգատեսի մասնակից ստորաբաժանումների շարքերով, ողջունեց նրանց և ստուգեց ներկայացվածության և պատրաստվածության վիճակը, որի ընթացքում տրվեցին թերություններն ու բացթողումները վերացնելուն ուղղված ցուցումներ:
Ստուգատեսի անցկացումից հետո Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների մասնակցությամբ ցուցադրվեցին տարաբնույթ, ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշումների և գործողությունների իրականացմանն ողղված մարտական հնարքներ, ինչպես նաև վնասազերծման բեմադրություններ: Ծառայողներն աչքի ընկան իրենց բավարար արհեստավարժությամբ, զգոնությամբ և պատրաստվածությամբ:
Հիշեցնենք, որ Քրեակատարողական ծառայության համակարգը Ներքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգ ընդգրկվելուց հետո կատարվող բարեփոխումների շրջանակում Կառավարության 2019թ. հունիսի 20-ի որոշմամբ առաջին անգամ փոփոխության է ենթարկվել նաև քրեակատարողական ծառայողների հանդերձանքը, ինչը միանշանակ խորհրդանշում է նոր ձևում նոր բովանդակության արտացոլում:
Ծառայության պետ Արթուր Գոյունյանը, գոհունակություն հայտնելով ծառայողների մասնագիտական պատրաստվածությունից, պատշաճ ու ծառայողին հարիր ներկայանալու կեցվածքից, հանձնարարեց, որ ծառայողները համազգեստը կրեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, ինչը նաև խթանիչ միջոց կհանդիսանա ոլորտային քաղաքականության սկզբունքներն արդի պահանջներին, ծառայությունը կրելու կարգին ու պայմաններին ներկայացվող նոր ձևաչափերը կենսագործելու համար, որոնք միանշանակ միտված են ապահովելու և զարգացնելու Քրեակատարողական ծառայության արտաքին տեսքը, գործելակերպի օրինականությունը, միասնականությունը, արհեստավարժությունը, զգոնությունը, պատասխանատվությունը, ինչպես նաև ամրապնդելու հասարակական վստահությունը ծառայության հանդեպ:
Հավելենք, որ յուրաքանչյուր շաբաթ ՀՀ ԱՆ քրեակատարողական 12 հիմնարկներում ևս անցկացվում են արտաքին տեսքի և համազգեստի կրման կարգի ստուգատեսներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը