02 03 2020

«Մարտի 1»-ի այս գործը կամ կարճվելու է, կամ կայացվելու է արդարացման դատավճիռ. Ասյա Օվանյան

«Մարտի 1»-ի այս գործը կամ կարճվելու է, կամ կայացվելու է արդարացման դատավճիռ. Ասյա Օվանյան

Top-News.am-ը գրում է.

«Ներկայացնում ենք հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Իմ ձայնը» նախագծի մասնակից Ասյա Օվանյանի հետ: Միջնորդության հիմնական բովանդակությունը հանդիսանում է այն, որպեսզի այս գործով օրենքը կիրառվի նույն կերպ, ինչպես կիրառվել է «7-ի գործով»։ 2008թ. ՀՀ Քրեական օրենսգրքում չի եղել Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ հոդված, այն ավելացվել և ուժի մեջ է մտել միայն 2009թ. մարտի 18–ին։ Որպեսզի անձին դատեն Քրեական օրենսգրքի որևէ հոդվածով, անհրաժեշտ է, որ գործողությունը համարվի հանցագործություն և՛ այն կատարելու պահին, և՛ գործը քննելու ժամանակ, այսինքն` հիմա։ Իրավապահ համակարգը` դատախազը և քննիչները, հրաժարվել են մեղադրանքից, որովհետև ուղղակիորեն հիմնավորել են, որ 300.1 հոդվածը նոր հանցակազմ է, չի կարող կիրառվել անցյալի նկատմամբ։ Դատախազությունը, որպես միասնական մարմին, «7-ի գործով» ունեցել է դիրքորոշում, որով «7-ի գործով» ամբաստանյալների նկատմամբ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ պայմանավորված քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հանգամանքով: Նույն դիրքորոշումն ունեին այսօրվա իշխանության ներկայացուցիչները, նույն դիրքորոշումն ունեին այն ժամանակի իրավապաշտպանները, ովքեր այն ժամանակ պահանջում էին այդ հիմքով կարճել քրեկան գործը, որոնք այսօր, սակայն, չգիտես ինչու էլ չեն հիշում այդ մասին։ Սա ճանաչված սկզբունք է, Սահմանադրության հստակ պահանջ, որի համաձայն ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Նույնը մի շարք գործերով փաստել է նաև ՄԻԵԴ-ը, համաձյան որի միայն օրենքով կարող է սահմանվել, թե որ արարքներն են համարվում հանցագործություններ և ինչ պատիժներ են նախատեսվում դրանց կատարման համար։

Այս իրավիճակում ի՞նչ կարելի է ակնկալել դատարանից: Որքան մեծ է հավանականությունը, որ դատարանը բավարարի միջնորդությունը։

Եթե մենք վստահ լինեինք, որ դատական համակարգի նկատմամբ չկան ճնշումներ, ապա կարող էինք կանխորոշել հնարավոր որոշումը։ Բայց որքան էլ իշխանությունների կողմից հերքվի ճնշումների հանգամանքը, մենք ակնհայտ տեսնում ենք ճնշումների փաստերը։ Դա մարտի 1-ի գործով նախկին դատավորի նկատամամբ քերական գործի հարուցումն էր, որը հետագայում պարզվեց, որ ապօրինի էր։ Դա տարբեր հարթակներում մարտի 1-ի գործով տարբեր դատավորների նկատմամբ ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներն են։ Իսկ ամենալուրջ ճնշումը այնպիսի մթնոլորտի ստեղծումն է, որ դատավորները գնում են ինքնացենզուրայի։ Այսինքն այլևս պետք չէ զանգով ցուցում տալ, դատավորն ինքն իրենով պետք է հասկանա ինչ որոշում կայացնել, որովհետև հակառակ պարագայում վրա են հասնում պատասխանատվության միջոցներ։ Եթե դատավոր Աննա Դանիբեկյանը սովորույթի ուժով մերժի պաշտպանական կողմի միջնորդությունը, ապա կհաստատվի այն, ինչի մասին բազմիցս նշվել է. դատավորը ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ է դրսևորում, ինչում համոզվելու բազմաթիվ առիթներ ունեցել ենք՝ սկսած կալանքի մասին որոշումներից մինչև ՍԴ որոշման անտեսումը։ Եվ հետո մերժման որոշմամբ դուռ է բացվելու «7-ի գործով» դիրքորոշման վերանայման համար։

Վերջին հաշվով ո՞րն է մարտի 1-ի գործով փակուղուց դուրս գալու ելքը։

Տեսեք, գործով անցում են 800-ից ավելի վկա։ Եթե փոքր հաշվարկ անենք, ապա միայն այս վկաներին դատարանում հարցաքննելու համար կպահանջվի առնվազն 3-4 տարի։ Հնարավոր չէ շաբաթը մեկ նիստ անցկացնելով, մարդուն ցուցադրաբար, առանց որևէ հիմնավորման կալանքի տակ պահելով՝ համոզել հասարակությանը, որ գործը բացահայտված է։ Բացահայտված չեն մարտի 1-ի զոհերի սպանությունների մեղավորները՝ չնայած նրան, որ մարտի 1-ի գործի շրջանակներում հանրության պահանջը հենց զոհերի մահվան հանգամանքերը բացահայտելն է:Այս գործի ամբողջական բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների շահագրգռվածություն նկատելի չէ։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենաիրատեսական ճանապարհը միջազգային քննության դիմելն է։ Որպես առաջին քայլ պետք է դիտարկել ՍԴ դիմումը Վենետիկի հանձանժողով և ՄԻԵԴ՝ խորհրդատվական եզրակացություն ստալու համար։ Սա մեր երկրի վրա մարդ բերել չէ, ինչպես հաճախ ներկայացնում են, սա միջազգային ընդունված պրակտիկա է։ Եթե սպառված է կողմերի միջև վստահության աստիճանը, ապա դիմում են միջազգային արբիտրին, որը կաշկանդված չէ իր որոշումներում։ Այդպիսի օրինակները միջազգային պրակտիկայում բազմաթիվ են։ Միջազգային քննությունը թե հասարակությանը վստահություն կներշնչի, թե տուժողներին, թե այսօր զավեշտալի մեղադրանքով դատվողներին։

Վերջին հաշվով այս գործը կամ կարճվելու է, կամ կայացվելու է արդարացման դատավճիռ,կամ բազմաթիվ դրվագներով քննվելու է միջազգային բարձր դատական ատյաններում, և Հայաստանի դեմ հնարավոր որոշումները որևէ մեկի համար անակնկալ չի լինելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ