01 03 2020

«Ժողովրդական հրաձիգի» կրակոցները «քանդում» են «մարտի 1-ի» կարված գործը

«Ժողովրդական հրաձիգի» կրակոցները «քանդում» են «մարտի 1-ի» կարված գործը

Օրերս տարածված և սոցցանցերում, նաև լրատվական կայքերում շրջանառված տեսանյութը շատերին հետաքրքրեց: Տարբեր մեկնաբանություններ եղան: Շատերին հետաքրքրեց, միայն ո՛չ Հատուկ քննչական ծառայությանն, օրինակ: Համենայն դեպս ստուգեցի (գուցե եղել էր, չէի նկատել) ՀՔԾ պաշտոնական կայքում: Չէ՛, ոչ մի հաղորդագրություն չկա այն մասին, որ «Մարտի 1-ի» գործով որևէ արձագանք է եղել՝ կոնկրետ այդ տեսանյութի հետ կապված:

Նման «պարտիզանական լռությունը» և՛ տարօրինակ է, և՛ օրինաչափ՝ ներկա իրողությունների պայմաններում:

Բանն այն է, որ այդ տեսանյութում պատկերված է մի հատված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից: Մասնավորապես, պարզ երևում է, թե ինչպես է ինչ-որ մեկը, որը գտնվում է՝ «խաղաղ ցուցարարների» մեջ, ավտոմատ-հրազենից կրակահերթ արձակում: Կրակում է օդ: Բայց դա՝ տվյալ կադրում: Ի՞նչ իմանաս, թե այդ զենքից էլ ո՛ր ուղղությամբ է կրակ արձակվել: Սակայն այդ և նման հարցերը դեռ մի կողմ:

Այս դեպքում էական են մի շարք այլ հարցեր: Նախ, այն, որ ոստիկանության ուժերի հետ բախումների դիմած, մետաղյա ձողերով, դյուրավառ հեղուկով շշերով, քարուփայտով զինված անձանց շարքերում, առնվազն տվյալ տեսանյութում պատկերված մեկը նաև հրազեն է ունեցել և գործածել է այն: Ըստ որում, դեպքը կատարվել է նախքան այն պահը, երբ Հայաստանի իշխանությանն այլ բան չէր մնում, քան՝ արտակարգ դրություն հայտարարելը:

 

Ավելին, անցած տարիներին, թե՛ անմիջապես մարտի 1-ի դեպքերից հետո, թե՛ հետագայում, վստահ եմ, շատերին է հետաքրքրել նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ արտակարգ դրություն սահմանելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ցուցարարների կողմից կրակում են:

Թե՛ այն ժամանակ, թե՛ հաջորդած տարիներին բազմիցս է կասկածի տակ դրվել այդ հանգամանքը: Շատ բան, որ չհիշեցնենք, բավարար է մտաբերել թեկուզ «Վիկիլիքսի» գաղտնազերծած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան զեկուցագրերը, որոնք վերջերս հայերեն թարգմանությամբ նույնպես շրջանառվեցին: ԱՄՆ դեսպանատան 2008թ. մարտի զեկուցագրերից մեկում ևս հղում է արվում ցուցարարների կողմից կրակելու մասին իշխանության ներկայացուցիչների պնդումներին, նշումով, որ դրանք այլ կամ լրացուցիչ տեղեկություններով չեն հաստատվել:

Հիմա, ըստ շրջանառված տեսանյութի, պարզվում է, որ այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչների պնդումները հիմնավորված էին, որ ցուցարարների կողմից հրազենային կրակոցներ եղել են: Ի դեպ, տարիներ առաջ, մեկ այլ տեսանյութ էր էլի շրջանառվել, բայց այս վերջինում ամեն ինչ շատ ավելի պարզ է երևում: Ոչ այնքան պարզ, որ հնարավոր լինի նույնականացնել կրակողին, բայց այնքան հստակ, որ երևում է. ավտոմատից կրակողը ցուցարարների մեջ է, և երկրորդ՝ նա այդ հատվածում գտնվող անձանց կողմից որպես յուրային է ընկալվում, հակառակ դեպքում (եթե սադրիչ էր), նրան ուղղակի գետնին կտապալեին կամ նրանից հեռու կփախչեին: Այնինչ, ոչ մի նման բան չի նկատվում:

Ինչպես չի նկատվում, թե ՀՔԾ-ն մտադիր է պաշտոնական ընթացք տալ խնդրո առարկա տեսանյութում պատկերվածին:

Որքան էլ հասկանալի լինի, որ «մարտի 1-ի բացահայտման» կամ բացահայտման ցանկության մասին գործող իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ ՀՔԾ-ի հայտարարությունները ձևական են, վերջերս շրջանառված տեսանյութին ու դրանում պատկերվածին ընդհանրապես չարձագանքելը տարօրինակ է: Պարադոքսալ չհնչի, բայց դա նաև օրինաչափ է:

Այն առումով է օրինաչափ, որ մարտի 1-ի, առավել ևս՝ կատարված սպանությունների իրական բացահայտման ոչ մի խնդիր էլ չի դրվել:

Գործող իշխանության՝ Փաշինյանի համար մարտի 1-ի գործը ընդամենը միջոց է՝ պատմությունը իր ուզածով վերաշարադրելու, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ղեկավարման շրջանում պաշտոնավարած մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հետապնդումներ իրականացնելու, նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, որոշակի իմաստով, նաև անձնական վրեժ լուծելու համար: Ավելին, եթե նախկինում՝ 2009-2017թթ. մարտի 1-ի ողբերգությունը Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի, այդ թվում հետո նրանցից առանձնացած Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական շահարկման առարկա էր, ապա այժմ, երբ նրա ձեռքում անսահմանափակ իշխանություն է հայտնվել, դա նաև քաղաքական հաշվեհարդար իրականացնելու միջոց է, ինչը և իրականցվում է, այսպես կոչված դատական կարգով: Ըստ որում, իրականցվում է օրենքի և արդար դատավարության սկզբունքների կոպտագույն խախտումներով: Այնպես, որ երբ այդ գործը հասնի ՄԻԵԴ, «գործից» բնականաբար ոչինչ չի մնա:

Տվյալ դեպքում հասկանալի է դառնում նաև այն, թե ինչու էր մեղադրանքը պաշտպանող կողմը մերժել մարտի 1-ին վերաբերող նյութերի տրամադրումը պաշտպանական կողմին, կոնկրետ՝ Ռոբերտ Քոչարյանին և իր դատապաշտպաններին: Հասկանալի է նաև, թե ինչու դատարանը նաև այդ հարցում գլուխ խոնարհեց մեղադրողների առաջ՝ շարունակելով հլու-հնազանդ ենթարկվել:

Բայց, ամեն դեպքում, ինչ-որ մի պահի գալու է ապացույցները հետազոտելու փուլը, իսկ պաշտպանական կողմն էլ կարող է և կմիջնորդի, որպեսզի նաև տվյալ տեսանյութը հետազոտվի: Երբ բանը դրան հասնի, կերևա, թե ինչ կերպ կարձագանքեն:

Այս պարագայում հետաքրքրականն այն է, որ դիտարկվող տեսանյութում պատկերվածը փաստական կարևոր տվյալներ է արտացոլում, նախ այն առումով, որ լրացուցիչ հիմնավորում է մայրաքաղաքում արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունը (պարտադիր չէր, որ հրազենից կրակեին, մինչ այդ կատարվածի կեսի կեսն էլ բավարար հիմք էր, բայց «խաղաղ» ցուցարարների կողմից հրազեն կիրառելու հանգամանքը հատուկ է ընդգծում այդ անհրաժեշտությունը): Երկրորդ. տեսանյութում պատկերվածը առնվազն թույլ է տալիս հիմնավոր կասկածներ ունենալ առ այն, որ մարտի 1-ին հրազենային վնասվածքներից սպանված կամ վիրավորված հայրենակիցները կամ նրանցից որևէ մեկը կարող է և այդ «ժողովրդական հրաձիգի» անկանոն կրակոցներից տուժած լինեն: Տեսանյութում պատկերված այդ կրակոցներն, ըստ ղության, «քանդում» են «մարտի 1-ի» նաև այս բավականին անշնորհք կարված գործն ամբողջությամբ:

Ցավոք, 12 տարի առաջ այդ դրվագը չի բացահայտվել: Դժվար է ասել, թե ինչ ջանքեր են գործադրվել դրա հմար, բայց՝ չի բացահայտվել: Հիմա առավել ևս չի բացահայտվի, քանի որ դա ձեռնտու չէ իշխանությանը և իրեն ենթակա ՀՔԾ-ին, հակասում է իրենց որդեգրած միակողմանի մոտեցմանը, փլուզում է այն:

Արմեն Հակոբյան      

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ