ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ս.թ. հունվարի 22-ին բժշկական կոնսիլիումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, տվել էր հստակ ցուցում՝ Խաչատրյանին ստացիոնար բժշկական պայմաններում բուժելու վերաբերյալ։ Սակայն, անհասկանալիորեն ընդհատվել է Խաչատրյանի բուժումը և նրան անմիջապես տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանական խումբը բազմաթիվ դիմում-բողոքներով պահանջել է ապահովել Խաչատրյանին համապատասխան բուժումով, սակայն այդ պահանջը չի ապահովվել և իրավունքները կրկին խախտվել են, տեղեկացնում է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը։
«Առողջական խնդիրը արձանագրված էր դեռևս հունվարի 22-ին և իրավիճակի փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել։ Մեր կողմից այս խնդրի մասով բազմաթիվ բողոք-պահանջներից հետո՝ ընդհուպ նշելով, որ նույնիսկ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք ենք տեսնում, նաև երբ այս խնդրի մասին բարձրաձայնեցին լրատվամիջոցները, երբ դիմեցինք մարդու իրավունքների պաշտպանին, այս ամենից հետո Խաչատրյանին նոր տեղափոխեցին բժշկական կենտրոն, չնայած, որ բժշկական առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Հարց է առաջանում. ինչո՞ւ այսքան ժամանակ իմ պաշտպանյալին չէին տեղափոխում բժշկական կենտրոն և ինչո՞ւ միայն մեր կողմից ապօրինությունների վերաբերյալ ահազանգերից հետո տեղափոխումը ընթացք ստացավ», - ասել է փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։
Ավելի վաղ Խաչատրյանների փաստաբանական խումբը տեղեկացրել էր, որ Գագիկ Խաչատրյանի գործով պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։ Ըստ փաստաբանական խմբի՝ պետության առաջին պարտավորությունը պիտի լինի բուժման պայմաններն ապահովվելը, սակայն հակառակ գործընթացն է տեղի ունենում։«Այսինքն՝ եթե կոնկրետ անձ է քննվում, այս անձի հետ կարելի է այս որոշումը կիրառել, մյուսների՝ օրինակ Գագիկ Խաչատրյանի մասով՝ ոչ՞, այս ի՞նչ մոտեցում է։ Եթե մի քիչ ավելի խորը վերլուծեմ, նույնիսկ կարող եմ առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշել», - հավելել է Երեմ Սարգսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը