10 02 2020

Հունվարին վերականգնվել է ավելի քան 2 մլրդ դրամ․ խորհրդակցություն՝ ԴԱՀԿ-ում

Հունվարին վերականգնվել է ավելի քան 2 մլրդ դրամ․ խորհրդակցություն՝ ԴԱՀԿ-ում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը  փետրվարի 10-ին անցկացրել է ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀԿԱԾ-ն:

Ըստ օրակարգի՝ ներկայացվել են  հունվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները: 

Զեկուցվել  է, որ 2020թ․ հունվար ամսվա ընթացքում Ծառայության կողմից պահանջատերերի օգտին վերականգնվել է  2 մլրդ 294մլն 611 հազար ՀՀ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի   համադրելի ցուցանիշը՝ 7,7%-ով: 

Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 130․087 վարույթի,  կարճվել և ավարտվել է 95․894 կատարողական վարույթ:

Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում  հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը:

Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել  6571 քաղաքացի։

Անդրադառնալով Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությանը, ըստ որի՝ 2020թ․ հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը նշել է՝ հնարավոր է լինեն դեպքեր, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող քաղաքացիները, տեսնելով աշխատավարձի բանկային հաշվեհամարի վրա կիրառված արգելանքը, ներկայացնում են համապատասխան տեղեկանք՝ տրված գործատուի կողմից:

«Նման դեպքերը պետք է պահել ուշադրության կենտրոնում և օպերատիվ ընթացք տալ յուրաքանչյուր քաղաքացու աշխատավարձի տնօրինմանը վերաբերող դիմումին, ինչպես նաև բացատրել աշխատավարձի վրա արգելանքի կիրառման և դրա վերացման սահմանված ընթացակարգերը», -ասել է Դավիթ Բեգինյանը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ