10 02 2020

Գործի քննությունը հետաձգելը ծանրաբեռնվածությամբ արդարացնելն անընդունելի է․ ՄԻՊ

Գործի քննությունը հետաձգելը ծանրաբեռնվածությամբ արդարացնելն անընդունելի է․ ՄԻՊ

Դատարանները կրում են առանձնահատուկ պարտականություն՝ ապահովելու, որպեսզի գործի քննությանը որեւէ դեր ունեցող բոլոր մասնակիցները կատարեն իրենցից կախված ամեն ինչ գործի քննության ցանկացած չարդարացված ձգձգումից խուսափելու նպատակով:

ՄԻՊ-ից հայտնում են, որ մեր երկրում համատարած են դարձել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետի խախտումները: Գործերի քննությունը ձգձգվում է ամիսներով ու անգամ տարիներով: Դատարանի անդրադարձը պահանջող հարցերը նույնպես ձգձգվում են եւ մարդու համար առաջացնում են խնդիրներ: Դա գլխավորապես արդարացվում է դատարանների ծանրաբեռնվածությամբ: Սա անընդունելի արդարացում է:

Մարդու իրավունքների պաշտանն արձանագրում է, որ պետությունն ինքը պետք է կազմակերպի իր իրավական համակարգն այնպես, որ դատարանները կարողանան երաշխավորել, որպեսզի յուրաքանչյուր ոք ողջամիտ ժամկետում ձեռք բերի իր իրավունքների եւ պարտավորությունների վերաբերյալ վեճերի մասին վերջնական որոշում: Նշված պահանջը կատարելու համար պետությունը կարող է նախատեսել տարբեր մեխանիզմներ՝ դատավորների թվաքանակի ավելացում, գործի քննության որոշակի ժամկետի առավելագույն շեմի սահմանում կամ այլ միջոցներ, որոնք հենց պետությունն էլ իրավասու է ընտրել: Սակայն եթե պետությունը թույլ է տալիս, որ գործի քննությունը դուրս գա արդար դատաքննության իրավունքի պահանջներով նախատեսված ողջամիտ ժամկետի սահմաններից՝ առանց որեւէ քայլ ձեռնարկելու վերը նշված մեխանիզմները զարգացնելու համար, ապա վերջնարդյունքի հետաձգման համար պատասխանատու է հենց պետությունը:

Նույնիսկ եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ ողջամիտ ժամկետի վրա ազդող ընթացակարգերի ապահովումը կախված է վարույթի կողմերից, նրանց վերաբերմունքը եւ վարքագիծը չի ազատում դատարանին գործը ողջամիտ ժամկետում քննելու պարտականությունից: Դա է պահանջում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը եւ հետեւաբար նաեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Հետեւաբար, դատական քննությանը մասնակցող մարդու իրավունքների տեսանկյունից դատարանների գերծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել վարույթի երկար տեւողությունն ու ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը:

Ցանկացած մարդ պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման արդյունավետ միջոցներ, իսկ պետությունը պարտավոր է ստեղծել դրա համար բոլոր անհրաժեշտ իրավական պայմանները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ