10 02 2020

Վահագն Վերմիշյանը կալանավորվել է. ԱԱԾ

Վահագն Վերմիշյանը կալանավորվել է. ԱԱԾ

Դատարանը բավարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում ե ն ԱԱԾ լրատվական ծառայությունից:

ԱԱԾ-ից նշեցին, որ միջնորդությունը շաբաթ օրն է ներկայացվել:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով  5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019 թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019 թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։ Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Վահագն Վերմիշյանը և ևս երկու քաղաքացի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ