Իրավապաշտպան Երվանդ Վարոսյանը գրում է․
«Վտանգավոր հանգրվան, որի լրջությունը հասկանալ է պետք
Երևի թե իշխանափոխությունից հետո առաջին անգամն է, որ ուղիղ փորձ է արվում ոչ միայն դե ֆակտո դուրս գալ օրինականության շրջանակից, այլ դա ձևակերպել դե յուրե։
Ինձ համար բացարձակ անհասկանալի ու անընդունելի ենթադրյալ նպատակներով (ամբողջական իշխանության զավթում, կապրիզ, «պրինցիպ», սպորտային ազարտ...) խամաճիկային ՍԴ ունենալու ճամփան մեզ բերեց ու հասցրեց Սահմանադրության խախտմամբ Սահմանադրությունը փոփոխելու փորձերի վտանգավոր կետին։ Կարծում եմ, որ իմ կոլեգա իրավաբանների կողմից արդեն իսկ բավարար չափով պարզաբանվել է, որ Սահմանադրության նորմերի փոփոխությունն առանց Սահմանադրական դատարանի եզրակացության տեղի ունենալ չի կարող։
Նախ այդ գործընթացը ուղիղ նախատեսված է գործող Սահմանադրության 168-րդ հոդվածով։ Ով ինչպես ուզում է այդ նորմն ընթերցել, բայց հակառակը կարելի է հասկանալ միայն համապատասխան «ուղղակի դիտավորության» պարագայում։ Իրավաբանությունը օրենք ընթերցելու հետ շփոթած ընկերների ուշադրությունը հրավիրեմ նաև այն հանգամանքին, որ 168-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը պատահական կամ ինքնանպատակ չէ։ Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների բացարձակ իրավունքը ժողովրդից մասնակի վերցնելով ու պետական մարմիններին փոխանցելով, սահմանադիրը նախատեսել է նաև այդ փոփոխությունների համար խիստ բարձր աստիճանի կոնսենսուսի անհրաժեշտություն իշխանության բոլոր ճյուղերի միջև։ Անհնար է որևէ մղձավանջում պատկերացնել, որ օրենսդիր իշխանությունում անգամ բացարձակ ներկայացում ունեցող որևէ քաղաքական ուժ կարող է հնարավորություն ունենալ միանձնյա փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ։ Շատ է խոսվել նաև այն մասին, որ նման գործողությունը կարող է առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներ պարունակել ու քրեորեն պատժելի է։
Բայց ես ցանկանում եմ հարցին նաև այլ, իմ կարծիքով, շատ ավելի կարևոր տեսանկյունից նայել, քան այժմեական մանր հարցերն են, քաղաքական գզվրտոցը, լիակատար իշխանության տիրանալու ցանկությունը, անգամ առանձնապես ծանր հանցանքը, որի համար ապագայում հնարավոր է պատասխանատվության կանչվողներ լինեն։ Հարցին նայենք պետական անվտանգության ու պետականության ապագայի տեսանկյունից, հասկանանք, թե ինչի հետ ենք իրականում խաղում։
Պատկերացնենք, որ նախանշված հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրության փոփոխությունները դե ֆակտո իրականացվեն։ Սա կնշանակի ունենալ «ոչ լեգիտիմ» Սահմանադրություն, որի պարագայում պետության իրավական անվտանգության մասին խոսելը կլինի ավելորդ, իսկ ցանկացած քաղաքական, իրավական կամ տնտեսական ճգնաժամ հղի կլինի պետությունն անարխիայի վերածելու վտանգով։
Ավելին` պատկերացնենք, որ 5, 10, 20 կամ ինչքան տարի կուզեն իշխանությունները հետո (չմոռանանք նաև, որ այդ ողջ ընթացքում Սահմանադրության լինել-չլինելը մշտապես խարանի նման շարունակելու է օդից կախված մնալ), կրկին տեղի է ունենում իշխանափոխություն, ու նոր իշխանությունները փորձում են վերականգնել սահմանադրական կարգը։ Դա նրանց չի հաջողվելու իրականացնել, քանի որ «հետ փոփոխված» կամ նոր գրված Սահմանադրության գլխին կրկին կարող է կախված լինել այդ «ոչ լեգիտիմության» խարանը, միշտ բաց է մնալու այն հարցը, թե իսկ դուք կարո՞ղ եք արդյոք փոփոխել Սահմանադրությունը, ու ի՞նչ կարգով եք դա պատրաստվում իրականացնել։ Այն կարգով, որ արդեն նախատեսված կլինի այդ պահին, թե՞ նախքան փոփոխությունները եղած կարգով, թե՞ նոր կարգ են սահմանելու։
Ամեն տեղից վեր կացող կարող է հայտարարել, որ միակ ճիշտ կարգով սահմանված, ամենասահմանադրական Սահմանադրությունը հատկապես իր ծոցագրպանում դրվածն է։ Այսպես պետության մայր օրենքը կիջեցվի քաղաքական պայքարում մանրադրամի ու խաղալիքի մակարդակի։ Իսկ դա արդեն պետություն ու պետականություն չի լինի, դա կլինի պարզ բրոնյան շարժում, խառնաշփոթ։
Պատմությունը շատ բան է մոռանալու, շատ բան է անցնելու ու կորչելու, մեր սերունդները այսօրվա մանր իշխանական, քաղաքական խաղերի մասին չեն էլ ցանկանալու պատկերացում ունենալ։ Բայց պետականության հետ խաղը, պետության իրավական անվտանգության գլխին մեծ հարցական կախելը հիշվելու է միշտ ու չի ներվելու երբեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը