29 01 2020

Հ1-ի ռեպորտաժը ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածի ցինիկ խախտում է․ փաստաբաններ

Հ1-ի ռեպորտաժը ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածի ցինիկ խախտում է․ փաստաբաններ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝

«Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում այսօր եթեր է հեռարձակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։

Զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ նման կոպիտ խախտումները կրկնակի դատապարտելի են, երբ տեղի են ունենում հարկատուների միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության կողմից, որն իր ակնհայտ քաղաքական պատվեր հանդիսացող ռեպորտաժը պատրաստելիս նույնիսկ նպատակահամար չի համարել ներկայացնել պաշտպանական կողմի դիրքորոշումը:

Ավելին, պարզ չէ, թե ինչ իրավական ընթացակարգի շրջանակներում է Հանրային հեռուստաընկերությանը հասու դարձել նշված «տեղեկատվությունը», երբ սույն քրեական գործով ներկայացված մեղադրանքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը երբևէ հանդես չի եկել որևէ հրապարակային պարզաբանմամբ։

Հաշվի առնելով, որ սույն քրեական գործի շրջանակներում նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության և գործի բազմակողմանի քննության ու հանրայնացման սկզբունքների խախտումն այլևս հատել է թույլատրելիի սահմանը՝ առաջիկա օրերին մեր փաստաբանական թիմը կձեռնարկի գործողություններ՝ պաշտպանության կողմի խախտված իրավունքների վերականգման և նշված իրավախախտումները կատարած անձանց շրջանակի բացահայտման և հրապարակման ուղղությամբ:

Հ.Գ. Ըստ ամենայնի, ոմանք սխալ են ընկալել զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնելու մասին Սահմանադրական դատարանի նախագահի երեկվա հարցազրույցում արված դիտարկումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ